Մեկ դար անց սնանկացած Թուրքիան հսկայական գումարներ է վատնում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Ծիծեռնակաբերդ Երևանի քաղաքապետարան

Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը նույնքան ապարդյուն է, որքան մեկի կողմից գլխով պատին անընդհատ հարվածելը` հուսալով, որ պատը տեղի կտա: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ավելի քան մեկ դար շարունակ թուրքական իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ իրենց նախորդների կողմից իրականացված Հայոց ցեղասպանության սարսափելի ոճրագործությունը կոծկելու համար: Մինչ օրս ոչ մի թուրք ղեկավար քաջություն և  պարկեշտություն չի ունեցել ընդունելու ճշմարտությունը։ Փոխարենը Թուրքիան հսկայական գումարներ է վատնել անհերքելին հերքելու համար։

Աշխարհով մեկ, նա կաշառել է կասկածելի գիտնականներին և խարդախ քաղաքական գործիչներին՝ խեղաթյուրելու պատմական իրողությունները: Անկարան հարյուրավոր խաբուսիկ գրքեր է հրատարակել և մի քանի ցածրորակ ֆիլմեր նկարահանել՝ իր ոճրագործությունները թաքցնելու համար: Մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել ամերիկյան լոբբիստական ընկերություններ վարձելու համար՝ ԱՄՆ Կոնգրեսի վրա ճնշում գործադրելու, որպեսզի այն չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս բոլոր ջանքերը խայտառակ կերպով ձախողվել են: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975, 1984 և 2019 թվականներին: ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է այն 2019 թվականին:

Ավելին, ԱՄՆ երկու նախագահներն ընդունել են այն. Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրում 1981 թվականին և նախագահ Ջո Բայդենը 2021-ի և 2022-ի ապրիլի 24-ի իր ոգեկոչման հայտարարություններում:  Հայոց ցեղասպանության ամենահեղինակավոր ճանաչումը տեղի է ունեցել 1951թ. մայիսի 28-ին, երբ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական զեկույց է ներկայացրել Համաշխարհային դատարան՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանության հանցագործության ակնառու օրինակներից է»։

Չնայած թուրքական բոլոր ճնշումներին, սպառնալիքներին և կաշառքներին՝ ավելի քան 30 երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Սա ի լրումն 1948 թվականին ՄԱԿ-ի Պատերազմական հանցագործությունների հանձնաժողովի, 1985 թվականին ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի և 1987 թվականից ի վեր Եվրախորհրդարանի կողմից բազմիցս ճանաչումներին:

Այդ ճանաչումների մեծ մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն գոյություն չուներ։ Հայկական Սփյուռքը, «Դավիթն ընդդեմ Գողիաթի ճակատամարտում», կարողացավ դիմակայել թուրքական հզոր կառավարության ժխտողականությանը, որին աջակցում էին ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներն ու բազմաթիվ իսլամական պետություններ:

Այս բոլոր ժխտողական ջանքերը հիմնված են այն պարզ թյուրըմռնման վրա, որ եթե Թուրքիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա նա պարտավոր կլինի փոխհատուցում վճարել ողջ մնացած հայերին: Ցավոք, շատ հայեր ունեն նույն թյուրըմբռնումը։ Փաստն այն է, որ թուրքական իշխանությունը պարտավոր է փոխհատուցում վճարել և վերադարձնել բռնագրավված հայկական ունեցվածքն ու տարածքները՝ անկախ նրանից՝ թուրք ղեկավարներն ընդունում են իրենց մեղքը, թե ոչ։

Կառավարության ղեկավարների քաղաքական հայտարարությունները դատարանում արժեք չունեն: Դատարանները զբաղվում են փաստերով և փաստաթղթերով: Անկախ նրանից, թե քանի անգամ է Թուրքիան հերքում ցեղասպանությունը, Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի փոխհատուցման և տարածքների վերադարձման պահանջներով դիմել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան), որտեղ նման իրավասություն ունեն միայն կառավարությունները։

Մի ամբողջ դար ժխտելուց հետո, Թուրքիայի կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարեց Հայոց ցեղասպանության փաստերին հակազդելու իր վերջին հուսահատ փորձի մասին՝ ստեղծելով TEKAR հիմնադրամը (Հայկական հարցի թուրքական հետազոտական հիմնադրամ):

Սա երեք թուրքական կազմակերպությունների համախմբումն է՝ Կրթական ընկերներ հիմնադրամ, «Բասքենթ» (Մայրաքաղաք) ռազմավարական հետազոտությունների կենտրոն և Հայկական ֆանատիկ ստերի դեմ պայքարի կենտրոն: Նոր Հիմնադրամի անդրանիկ համագումարը տեղի է ունեցել հունիսի 25-ին։

TEKAR-ը նախատեսում է վերահրատարակել Էսաթ Ուրասի (1882-1957) գրած թուրքական ժխտողական գիրքը՝ «Հայերը պատմության մեջ և Հայկական հարցը» վերնագրով: Որպես «Միություն և առաջադիմություն» կոմիտեի (երիտթուրքեր) անդամ՝ Ուրասը առանցքային դեր է խաղացել Հայոց ցեղասպանության ծրագրման և իրականացման գործում։ Նրա գիրքը լի է կոպիտ խեղաթյուրումներով:

Թուրքական հիմնադրամը նաև հայտարարել է, որ «հրատարակելու է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տեսակետները, մտքերն ու հայտարարությունները հայերի, հայկական գործունեության և հայկական հարաբերությունների վերաբերյալ»։ Հուսով եմ, որ հիմնադրամը չի մոռանա մեջբերել 1926 թվականի օգոստոսի 1-ին Լոս Անջելեսի Examiner-ի կողմից հրապարակված Աթաթուրքի հարցազրույցը, որում նա ասել է. «Նախկին երիտթուրքական կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան միլիոնավոր մեր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնք անխղճորեն զանգվածաբար վտարվեցին իրենց տներից և կոտորվեցին… Նրանք մինչ այժմ ապրել են թալանով, կողոպուտով ու կաշառակերությամբ»։

TEKAR հիմնադրամն իր հոգաբարձուների խորհրդում ունի 23 անդամ: Խորհրդի նախագահը Մեհմեդ Արիֆ Դեմիրերն է, որը ոչ թե պատմաբան է, այլ ինժեներ-քիմիկոս։ Անհասկանալի է, որ խորհուրդը կազմված է վեց զինվորականից, երեք ինժեներից, երկու տնտեսագետից, մեկ գաստրոնոմից, մեկ ուսանողից և տարբեր փորձառություն ունեցող մի քանի այլ անձանցից: Կարծես թե TEKAR հիմնադրամի իրական նպատակը Էրդողանի ընկերների բարեկամների շրջապատն աշխատանքով ապահովելն է։ Թեև լավ է, որ այս թուրքերը ցանկանում են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը, սակայն նրանց նպատակը ճշմարտությունը փնտրելը չէ․․․

Թուրք ժխտողականները երբեք չեն հասկացել, որ որքան շատ են ժխտում Հայոց ցեղասպանությունը և որքան երկար են խոսում դրա մասին, այնքան աշխարհն ավելի է իրազեկվում Հայոց ցեղասպանության մասին։ Այլ կերպ ասած, Թուրքիան հիմարաբար շարունակում է Հայոց ցեղասպանությունը հանրայնացնել նոր սերունդներին՝ փորձելով ժխտել այն։

Երկրորդ բանը, որ թուրք ղեկավարները երբեք չեն հասկացել, այն է, որ նրանք որքան շուտ ընդունեն իրենց նախորդների ոճրագործությունները, այնքան շուտ կարժանանան միջազգային հանրային կարծիքի հարգանքին։ Երբ մի թուրք ղեկավար ի վերջո ընդունի ճշմարտությունը, նա կգովաբանվի ամբողջ աշխարհում և նույնիսկ կարող է առաջադրվել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Իրենց ժխտումներով թուրք ղեկավարները մեծ վնաս են հասցնում իրենց իսկ հեղինակությանը, էլ չեմ խոսում այն վիթխարի գումարների մասին, որոնք նրանք վատնում են այն ժամանակ, երբ թուրքական տնտեսությունը սնանկ է․․․

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

--00--ՀԱ