Արդյո՞ք հնարավոր է խուսափել պատերազմից այնպիսի թշնամու հետ, ինչպիսին Ադրբեջանն է. Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

․

Պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա՝ ոչ թե դրանից վախենալը և հանձնվելը, այդպիսով միանշանակորեն կործանելով մեր նախնիների, մեր և մեր սերունդների երազանքը, այլ լայն իմաստով պատերազմին պատրաստ լինելը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.

«Պատերազմը և մենք

Այս գրառմամբ ցանկանում եմ սկսել մի շարք, որի միջոցով կփորձեմ ոչ շատ երկար և պարզ ձևակերպված ու «ոչ դիվանագիտական» գրառումներով անդրադառնալ, որպես պետություն և ազգ, Հայաստանի և հայերիս առջև ծառացած, ըստ իս, ամենակարևոր գոյաբանական խնդրին՝ պատերազմին և մեզ։

1․ Պատերազմի անխուսափելիությունը

Եվ այսպես, արդյո՞ք հնարավոր է խուսափել պատերազմից այնպիսի տարածաշրջանում և այնպիսի թշնամու հետ, ինչպիսին Ադրբեջանն է։

Այո՛, հնարավոր է։ Հնարավոր է, բայց փաստացի հանձնվելու պարագայում միայն։ Իսկ արդյո՞ք դա է հայկական պետականության հազարամյակների ծրագրի տեսլականը։ Ո՛չ, և երիցս ո՛չ։

Հետևաբար պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա՝ ոչ թե դրանից վախենալը և հանձնվելը, այդպիսով միանշանակորեն կործանելով մեր նախնիների, մեր և մեր սերունդների երազանքը, այլ լայն իմաստով պատերազմին պատրաստ լինելը։

Կարող է հարց առաջանալ, իսկ ինչո՞ւ չի կարելի «տեխնիկական» իմաստով լուծել հայ-ադրբեջանական հիմնահարցը, դիցուք, զիջելով ինչ-որ տարածք, համաձայնելով Ադրբեջանի պահանջներին և այլն։ Չի կարելի շատ պարզ և միանշանակ պատճառով՝ խնդիրը չունի նման «տեխնիկական» լուծում, քանզի հակամարտությունը գոյաբանական է՝ նաև դիմացի կողմից ձևակերպված շատ հստակ՝ «պետք է լինենք կա՛մ մենք, կա՛մ դուք» տրամաբանությամբ։

Հետևաբար պետք է արձանագրել ելակետային հետևյալ հանգամանքները ճշգրիտ ուղղությամբ ընթանալու համար՝

1․ հայ-ադրբեջանական հակամարտության խնդիրը գոյաբանական է, ուստի չունի «տեխնիկական» լուծում,

2․ պատերազմից կարելի է խուսափել միայն Հայաստանի պետականության «խաղաղ ոչնչացման» թշնամական ծրագիրն անվերապահորեն ընդունելու դեպքում,

3․ պատերազմից կարելի է խուսափել կամ չխուսափելով հաղթական պատերազմ մղել միայն բոլոր իմաստներով դրան լիարժեք պատրաստ լինելու պայմաններում։

Ըստ այդմ, ընտրանքները, մեղմ ասած, այդքան էլ բազմազան չեն, ինչպես և Մերձավոր Արևելքի շատ երկրների պարագայում, ուստի հնարավորին արագ կամ նույնիսկ անհապաղ մենք՝ որպես պետություն և ազգ, առաջինը հենց ինքներս մեզ պետք է քաջություն ունենանք խոստովանելու «Բարի գալուստ մերձավորարևելյան իրականություն», իսկ այդ իրականությունից բխող հիմնական մարտահրավերը՝ այսինքն անխուսափելի պատերազմին պատրաստ լինելը, դարձնենք պետական և ազգային ամենաառաջնային օրակարգ»։

--00--ԱՀ