ՔԿ-ում նյութեր են նախապատրաստվում Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի ձայնագրության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

հասարակական

Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել,․ որի ժամանակ իր և Ջհանգիրյանի խոսակցությունից ձայնագրություն էր հրապարակել։ Ձայնագրության մեջ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսում է Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործից և քաղաքական հայտարարություններ է անում։ 

Նույն օրը գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ «նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԻՔՄ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ: «Հրապարակված ձայնագրությունում պարզ լսվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը պատմում է, որ խառնվել է որոշ քրեական գործերի ընթացքին («սաղ փակել եմ»), խոչընդոտել է որոշ քրեական գործերի հարուցմանը և անգամ որոշ անձանց ինդուլգենցիա է խոստանում՝ «քանի դեռ ողջ է»: Ընդորում, ԲԴԽ-ն այսօր, ըստ էության, հաստատել է, որ ձայնագրությունը կեղծված չէ, դրանում իրապես ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի ձայնն է», - նշել էր նա։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ այս հարցով էլ է դատախազությունը հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկել է ՔԿ։ ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց, որ այս թեմայով տեղեկություն չունի։

--00--ՏՏ