Քանի դեռ իշխանության է Փաշինյանը՝ Վարդազարյան-Ջհանգիրյան ձայնագրությունն իրավական ընթացք չի ստանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

քաղաքական

ԲԴԽ-ի որոշմամբ Ռուբեն Վարդազարյանի՝ նախագահի լիազորությունների դադարեցումը (մինչև հիմա կասեցված էին) սպասելի հանգուցալուծում էր, սակայն այն ոչ մի առնչություն չունի օրենքների տրամաբանության հետ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ  նախագահ, իրավաբան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդազարյանը հրապարակեց ձայնագրություն, որում կառույցի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նրան առաջարկում է հրաժարվել պաշտոնից՝ խոստանալով միջամտել Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործերի ընթացքին։ ԲԴԽ-ն և իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ սեղանի շուրջ արված ձայնագրությունն իրավական ուժ չի կարող ունենալ։ Անդրադառնալով այս մեկնաբանություններին՝ Մելիքյանը նշեց, որ ՀՀ-ում արդեն երկու տարի է՝ ինչ գործում է նախադեպային իրավունքը, համաձայն որի, մասնավոր կարգով, գաղտնի կատարված ձայնագրությունները կարող են իրավական նշանակություն ունենալ՝ մի քանի չափանիշներից ելնելով։ Դրանցից ամենակարևորն անձին պաշտպանելն է․ եթե անձը հնարավորություն չունի իրեն պաշտպանելու, իսկ այս պարագայում բոլորի համար ակնհայտ է, որ այդ չափանիշը կա:
Խոսելով այն մասին, թե ինչ հետևանքներ պետք է ունենա ձայնագրության հրապարակումը, Մելիքյանը նկատեց.

«Բուն ձայնագրության բովանդակությունը վկայում է, որ որևէ հետևանք էլ փաստացի չի առաջացնելու, ձայնագրության բովանդակությունը վկայում է այն մասին, որ մեր երկրում իրավական հարցերը իրավական ճանապարհով չեն լուծվում․ եթե իրավական ճանապարհով լուծվեին, ապա պետք է քրեական գործի հարուցում, քրեադատավարական միջոցներ արդեն լինեին: Քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը՝ այդ ամենը տեղի չի ունենա»:

Հարցին, թե ի՞նչ արդարացումներ կարող են ներկայացվել, Մելիքյանը նշեց, որ դժվարանում է ասել. 
«ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հարցազրույցում ասում է՝ ես խոսեցի Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ ինձ բավարարեց, սա նման է Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներին, երբ ասում էր՝ խոսել եմ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, նրա ասածներն ինձ բավարարել են: Լղոզված բաներ կասեն, որոնք որևէ կերպ ակնհայտ ճշմարտությունները չեն կարող թաքցնել, դա այնքան ակնհայտ է, որ քննարկման առարկա էլ չէ»:

Հերմինե Միքայելյան

--00--ՏՏ