Ապարանի արյունալի միջադեպով վիրավորներից մեկը՝ բավարար, մյուսը ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

հասարակական

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորներից մեկի վիճակը բավարար է, նա վիրաբուժական բաժանմունքում է, իսկ գլխուղեղի վնասվածք ստացած անձը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը կայուն ծայրահեղ ծանր է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

Հունիսի 19-ին Նիգավան գյուղի մոտ կրակոցներից հետո «Արմենիա» բժշակական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը՝ գլխուղեղի ծանր վնասվածքով, մահացել էր հիվանդանոցում:

Ըստ Աշոտ Կուրղինյանի՝ կրծքվանդակի շրջանում վիրավորում ստացած անձը, որի թոքից բեկոր է հեռացվել, երեկվանից է տեղափոխվել ընդհանուր հիվանդների բաժին։  Հունիսի 21-ից նա անջատված է արհեստական շնչառության սարքից։

Հունիսի 20-ին քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության  դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը:

Ըստ ՔԿ-ի՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու  ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: «Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին,  32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրն իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում։ 32-ամյա տղամարդը հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում՝ հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը Նիգավանի մոտ տեղի ունեցածը որակել էր որպես «կենցաղային հարցի շուրջ ծագած վեճ»՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, որ վեճի պատճառը եղել է քաղաքական՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների և հակադրվողների միջև, նույն այդ տեղեկությունների համաձայն՝ կրակոցների հեղինակները Փաշինյանի կողմնակիցներն են։ Տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի  ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ և «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով կրակել նրանց վրա։ Ասատրյանն ու Փարվանյանը հերքել են իրենց հարազատների մասնակցությունն այս միջադեպին։ 

--00--ՏՏ

Տեսանյութեր