Հպարտորեն էր ծառայությունը կատարում, ասում էր՝ բանակը տղայի համար է. զոհված զինծառայողի ուսուցչուհի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 19, 24News

Հպարտորեն էր ծառայությունը կատարում, ասում էր՝ բանակը տղայի համար է. զոհված զինծառայողի ուսուցչուհի

Երեկ երեկոյան Վարդենիսի ուղղությամբ հնչած կրակոցների հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը Բյուրական գյուղից էր, նա տան ավագ որդին էր, իրենից փոքր երկու եղբար ուներ: Այս մասին 24News-ին հայտնեց Բյուրականի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանը:

«Իրեն պատմություն եմ դասավանդել, շատ ընկերասեր, մարդասեր տղա էր, չնայած իր երիտասարդ տարիքին՝ շատ հայրենասեր էր: Նպատակ ուներ ծառայությունը ավարտելուց հետո ուսումը շարունակել: Շատ դժվար է իր մասին խոսել անցյալով, դժվար է նման երեխա կորցնել: Հրաչը հպարտորեն էր իր ծառայությունը կատարում, երբեք չի տրտնջացել, միշտ ասում էր՝ ընկեր Մկրտչյան, ծառայությունը տղայի համար է, կծառայեմ՝ կգամ, բայց չկատարեց խոստումը»,- պատմեց ուսուցչուհին:

Նշենք, որ այսօր «Միասնական Վարդենիս» խմբակցության ղկավար Դավիթ Շահնազարյանը 24News-ին տեղեկացրեց, որ հունիսի 18-ին Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել: նրա փոխանցմամբ՝ կրակոցները հնչել են երեկ երեկոյան, թե որքան է եղել տևողությունը, դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ այս պահին իրավիճակը կայուն է:

Նշենք նաև, որ Պաշտպանության նախարարությունից հաստատեցին զոհի մասին լուրը՝ խոստանալով մանրամասները ներկայացնել ավելի ուշ:

--00—ՀԶ