Դավիթ Տոնոյանը դեռևս զրկված է հարազատների հետ տեսակցելու հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

հասարակական

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը կալանքի տակ է ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում, դեռևս զրկված է հարազատների հետ տեսակցելու, հեռախոսով շփվելու հնարավորությունից, նախկինում դրված արգելանքը շարունակում է մնալ։ Այս մասին 24News-ին ասաց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ ՊՆ նախկին նախարարը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, բազմիցս պահանջել հրապարակային դատավարություն՝ իր անմեղությունը հրապարակայնորեն ապացուցելու համար։ 

Նախկին նախարարի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ Դավիթ Տոնոյանն ինքն է փաստաբաններին ասել հարազատների հետ տեսակցելու արգելանքը վերացնելու հարցով միջնորդություն չներկայացնել դատարան հենց գործի քննության սկզբից։ 

Պաշտպանն ասաց, որ մեղադրող կողմն ի սկզբանե Դավիթ Տոնոյանի կալանքը հիմնավորել է նրանով, որ եթե նա լինի ազատության մեջ, կխոչընդոտի քննությանը, վկաների վրա ազդեցություն կունենա և այլն․ «Եվ արգելանքը վերացնելու միջնորդություն չներկայացնելու բուն նպատակն այն է, որպեսզի փարատվեն վարույթ իրականացնող մարմնի, տվյալ դեպքում նաև դատարանի մտահոգությունները»։

Ըստ փաստաբանի՝ Տոնոյանը տեսագրություն փոխանակելու հնարավորությունից էլ է զրկված․ «Նամակագրությունն արգելված չէ, բայց համակարգիչը, տեխնիկական միջոցները, կրիչներն արգելված իրեր են համարվում, հնարավոր չէ փոխանցել»։

Նշենք, որ այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։ Հարությունյանը մեղադրվում է ՊՆ-ի և Հայաստանում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում ոչ համապատասխան գույքն ընդունելու գործընթացն ապահովելու և դրա դիմաց ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ։ 

Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ տեղեկություն չունի և չի էլ կարծում, թե Հարությունյանի գործը կապ կունենա Դավիթ Տոնոյանի գործի հետ։

--00--ՏՏ