ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշում է ընդունել գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ 

«Տիկին Վարդապետյանը թե՛ իր մասնագիտական որակներով, թե՛ իր բարձր բարոյական արժեքներով համապատասխանում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին և այն առաքելությանը, որը մեր կարծիքով պետք է ունենա ապագա գլխավոր դատախազը», - ասել է նա։

Լրագրողի այն դիտարկմանը, թե իբրև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է անաչառ չլինել, քանի որ քաղաքական թիմի անդամ է, Կոնջորյանը նշեց, որ վստահ է՝ ընտրվելու դեպքում «նա կատարելու է ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործառույթները»։ 

«Թույլ տվեք ասել, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է, ու որևէ մեկը կարող է ասել, որ եթե մենք ենք ընտրում, արդեն քաղաքական որոշում է», - հավելել է նա։

--00—ԼՄ