Համակարգչային հանցագործությունների կտրուկ աճ է նկատվում. Արցախի ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

նգ

Հունիսի 9-ին Ստեփանակերտ քաղաքի բանկիչ Ս. Բ.-ն (ծնված 1986թ.) ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ հունիսի 7-ին իր հետ «WhatsApp» հավելվածի միջոցով կապ է հաստատել անհայտ օգտատերը և ցանկություն է հայտնել գնել իր կողմից «List.am» հայտարարությունների կայք էջում տեղադրված մանկական մահճակալը, հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունից:

«Նամակագրության միջոցով անհայտ օգտատերը ուղարկել է կեղծ «Հայփոստ»-ի առցանց վճարման հղում, որի համապատասխան դաշտում ինքը լրացրել է իր բանկային քարտի ամբողջական տվյալները և «ArCa» համակարգի կողմից ստացված անվտանգության գաղտնի կոդը, որը հնարավորություն է տվել «Արցախբանկ» ՓԲ ընկերության պլաստիկ բանկային քարտը կցել այլ էլեկտրոնային դրամապանակի և տնօրինել քարտում առկա գումարին։

Նշված եղանակով անհայտ անձը հափշտակել է բանկային քարտում առկա 60000 դրամ գումարը, ինչի արդյունքում իրեն պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված բնույթի հանցագործությունները, որպես կանոն, կատարվում են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ:

Մասնավորապես, հանցագործները տարբեր սոցիալական ցանցերում ստեղծել են կեղծ օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն են հաստատում և վարում նույն հարթակներում գրանցված տարբեր անձանց հետ:

Առցանց տիրույթում խաբեության զոհ չդառնալու համար` Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում լինել զգոն և չտրվել խաբկանքի», - նշված է հաղորդագրության մեջ։

--00—ԼՄ