Արցախից չեն ասում, թե ինչ են խոսել Փաշինյանը և Հարությունյանը բրյուսելյան հանդիպումից առաջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

նկար
24News-ը փորձեց մանրամասներ պարզել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից, թե ի՞նչ են քննարկել Հարությունյանն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան եռակողմ հանդիպումից առաջ, ի՞նչ դիրքորոշում պետք է հայտներ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ մայիսի 22-ին տեղի ունեցած բրյուսելյան եռակողմ հանդիպմանը։

Ավանեսյանն ասաց, որ բոլոր միջազգային հանդիպումներից առաջ, որոնցում կարող են քննարկվել արցախա-ադրբեջանական հակամարտությունը, արցախյան հարցը, դրանցից առաջ Փաշինյանն ու Հարությունյանը շփումներ ունենում են։ Իսկ կոնկրետ հարցին, թե բրյուսելյան հանդիպումից առաջ եղե՞լ է քննարկում, Ավանեսյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերում արդեն բրյուսելյան հանդիպման օրակարգին, ապա այդ թեմայով կան պաշտոնական հաղորդագրություններ, և դրանց որևէ բան ավելացնելը նպատակահարմար չէ։ Կարծում եմ՝ էթիկան ենթադրում է, որ տվյալ հարցը պետք է ուղղեք նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը»։

Արցախի նախագահի մամուլի խոսնակը սակայն չասաց, թե ինչ են կոնկրետ քննարկել, ինչ են պայմանավորվել, թե ինչ դիրքորոշում պետք է հայտներ Փաշինյանը բրյուսելյան հանդիպմանը։ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի էր ունեցել Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ։  

Արցախի նախագահի մամուլի խոսնակը, նկատի ունենալով Արցախում մայիսի 25-ին տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստը, ասաց, որ կառավարությունն այս եռակողմ հանդիպման թեմայով հաղորդագրություն տարածել է։

Համաձայն մայիսի 25-ին տարածված հաղորդագրության՝ Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, որին մասնակցել են Արցախի խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները, Հարությունյանը նախ ընդգծել էր, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար «խիստ անընդունելի է» բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը։ 

Բացի դրանից՝ համաձայն հաղորդագրության՝ Հարությունյանը հնարավորություն է ունեցել Փաշինյանի հետ հանդիպել և քննարկել եռակողմ հանդիպումը, ևս մեկ անգամ ցանկացել է հաստատել, որ «Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին»:

«Նախագահի խոսքով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող և չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա այն կքննարկվի Արցախի իշխանությունների հետ, եւ հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձեւով:

Նախագահ Հարությունյանը շեշտադրել է, որ Արցախի Հանրապետությունը անշեղորեն շարունակում է իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ ու անվերապահ իրացման միջոցով անկախության միջազգային ճանաչման ուղին, և արցախցիների իրավունքների ու անվտանգության պատշաճ ապահովումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս», - նշվում էր մայիսի 25-ին հրապարակված հաղորդագրությունում:

Բացի պաշտոնական հաղորդագրությանը հղում անելուց՝ Լուսինե Ավանեսյանն այլ նոր տեղեկություն չհայտնեց։

Մեր ունեցած տեղեկության համաձայն՝ երեկ Հայաստանի կառավարության շենք էր ժամանել Արցախի նախագահն ու հանդիպել Փաշինյանի հետ։ Այս տեղեկության վերաբերյալ չհաջողվեց պաշտոնական հաստատում ստանալ, Արցախի նախագահի մամուլի խոսնակը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց հանդիպման լուրը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ