Գագիկ Ջհանգիրյանը կատարում է խոստումը. երեք «գիտնական»՝ ընդդեմ Ռուբեն Վարդազարյանի․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, տեսնելով, որ Ռուբեն Վարդազարյանը մերժում է իր առաջարկը՝ ինքնակամ հրաժարական տալու մասին, որոշել է նրա դեմ կարգապահական վարույթ հարուցել՝ լրատվամիջոցներից մեկին տված մի հարցազրույցի հիման վրա, որով, իբրեւ թե, Վարդազարյանը խախտել է դատավորի չեզոքության սկզբունքը։ Տեւական ժամանակ այս տեղեկությունը կար, սակայն ԲԴԽ-ից ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում, որ նման գործընթաց են նախաձեռնում։

Նշենք, որ ԲԴԽ-ն կարող է այդպիսի գործընթաց նախաձեռնել, եթե նման միջնորդության տակ ԲԴԽ 3 անդամի ստորագրություն լինի։ Երեկ այդ 3 անդամը գտնվեց, 3-ն էլ ԲԴԽ-ի գիտնական կոչվող անդամներն են՝ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, իսկ երրորդը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, Հայաստանում «Բաց հասարակություններ հիմնադրամ-Հայաստան»-ի կամ, այսպես կոչված, «Սորոսի հիմնադրամի» տնօրենների խորհրդի նախկին նախագահը։

Ռուբեն Վարդազարյանը երեկ չպատասխանեց մեր զանգերին, ԲԴԽ անդամների հետ էլ խոսել չհաջողվեց, նրանցից ոմանք կա՛մ երկրում չէին, կա՛մ անհասանելի էին, կա՛մ մասնակցում էին դատավորներից մեկի հոգեհանգստի արարողությանը։

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն էլ ասաց, թե տեղյակ է, որ վարույթ է հարուցվել, սակայն մանրամասներին ծանոթ չէ, թե ինչ հիմքով են հարուցել։ Հարցին, թե ինչպես է գնահատում ԲԴԽ անդամների այս քայլը, Ազարյանն ասաց․ «Ես ի՞նչ իրավունք ունեմ գնահատական տալ, իրենց լիազորությունների սահմաններում են գործել ԲԴԽ-ի անդամ գիտնականները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ