Ակնկալում ենք թուրքական կողմից քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

նկար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին, որի շրջանակում անդրադարձել է եղել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին։

Այդ մասով հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․

Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները: Ի՞նչ կարող եք ասել մեզ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: 

Պատասխան․ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 1990-ականների սկզբին միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից, և երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Ինչպես հավանաբար գիտեք, այժմ կարգավորման գործընթացի համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, և արդեն կայացել է երեք հանդիպում, որտեղ կողմերը որոշել են առանց որևէ նախապայմանների առաջ շարժվել՝ սահմանները բացելու նպատակով։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես վերջերս ընդունեցի Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և մեկնեցի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ֆորումի շրջանակներում հանդիպեցի իմ գործընկերոջ հետ։

Կարծում ենք, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում ենք թուրքական կողմից։

Չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

--00—ԼՄ