ԱՆԻՖ-ի ծրագրերը Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Ավինյան ԱՆԻՖ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) իրականացրած նախագծերը Հայաստանի տնտեսությանը որակական փոփոխություն են հաղորդում ու բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՆԻՖ-ի 2019-2021թթ. գործունեության ամփոփմանն այս մասին ասաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ:

«Մեծ հպարտություն է գիտակցել, որ իրականացրած նախագծերը Հայաստանի տնտեսությանը որակական փոփոխություն են հաղորդում: Արևային էներգետիկայից մինչև ավիահաղորդակցություն, գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն. բոլոր ծրագրերը նպատակ ունեն ոլորտում սահմանել նոր չափորոշիչներ»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ այն ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են ԱՆԻՖ-ի կողմից, Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ, նոր հնարավորություններ, տնտեսական ակտիվության նոր ալիք։

ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց, որ Հայաստանի առջև ծառացած աննախադեպ մարտահրավերների բարդ ժամանակահատվածում ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի են կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն  ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագրեր, որոնցից մեկը՝ Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» 200 մՎՏ հզորությամբ արևային կայանի ծրագիրը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում:

«Այգ 1-ը Հայաստան է բերում էներգահամակարգի արդյունավետության երկրաչափական աճ։ Պատկերացնելու համար՝ Մասդարի հետ մեր համատեղ առաջին ծրագիրն ապահովելու է Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման մոտ 7 տոկոսը։ Հաշվի առնելով քննարկվող ևս 201 մեգավատ հզորությամբ ծրագիրը, այս անգամ արդեն զինված մարտկոցներով, մենք խոսում ենք Հայաստանի էներգետիկայի բնագավառում իրական հեղափոխության մասին»,-ասաց տնօրենը։

Նրա խոսքով մյուս խոշոր ծրագիրը, դա Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության ստեղծումն է:

«Մեր գործընկեր Էյր Արաբիան իր հետ բերում է անվտանգության, սպասարկման որակի, բիզնես մշակույթի այնպիսի չափանիշներ, որոնց դրական ազդեցությունը շուկայի որակի վրա զգացվելու է անմիջապես և մնալու է ընդմիշտ»,-ասաց Դավիթ Փափազյանը:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը  (ԱՆԻՖ) գործընկերների հետ համատեղ ծրագրերով Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրել է  214 մլն ԱՄՆ դոլար, որի 91 տոկոսը՝ գործընկերների, 9 տոկոսը` ԱՆԻՖ-ի կողմից: 

--00--ԱԱ

Տեսանյութեր