ԱՀԿ-ում գործադիր խորհրդի ընտրություն է լինելու․ մրցելու են Հայաստանը, Ադրբեջանը, Իսրայելը, Ուկրաինան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

1

Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է Առողջապահության համաշխարհային 75-րդ` ամենամյա վեհաժողովը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է, բոլոր անդամ-պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, դիտորդների, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), միջազգային, հասարակական կազմակերպությունների և ԱՀԿ-ի հետ պաշտոնական հարաբերություններ ունեցող այլ մարմինների մասնակցությամբ:

Վեհաժողովի ընթացքում կայացել են ԱՀԿ Գլխավոր տնօրենի, վեհաժողովի նախագահի և 5 փոխնախագահների, 2 հիմնական կոմիտեների նախագահողների ընտրությունները, նաև հաստատվել է վեհաժողովի 29-րդ Գլխավոր կոմիտեի կազմը։

Հիշեցնենք, որ 7-օրյա պաշտոնական այցով Ժնևում գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։

Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային վեհաժողովի գլխավոր կոմիտեն (ԳԿ) բաղկացած է 25 անդամից, ներառյալ` նախագահը, փոխնախագահները և հիմնական կոմիտեների նախագահողները:

ԳԿ-ում եվրոպական տարածաշրջանին հատկացված է ևս 5 տեղ, որոնցից մեկի համար Հայաստանի Հանրապետությունը նշանակվել է Գլխավոր կոմիտեի անդամ (հղում)։

Միաժամանակ, վեհաժողովի ընթացքում՝ մայիսի 29-ին, տեղի կունենան կազմակերպության Գործադիր խորհրդի ընտրությունները` տարածաշրջանային C խմբում ներկայացված է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թեկնածությունը։ Գործադիր խորհուրդը կազմված է 34 որակավորված անդամներից, որոնք ընտրվում են 3 տարի ժամկետով:

Հավելենք, որ 1 ազատ տեղի համար մրցակցում են 4 երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, Իսրայելը և Ուկրաինան։

--00—ԼՄ