Պուտինն ու Լուկաշենկոն Սոչիում քննարկել են անվտանգային և տնտեսական մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Սոչիում կայացել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Պայմանավորվել էինք առանձին հանդիպում անցկացնել այստեղ՝ Սոչիում, քանի որ հանգամանքները պահանջում են այսպիսի լուրջ, մանրամասն խոսակցություն ունենալ։ Ես նկատի ունեմ այն ​​ամենը, ինչ վերաբերում է տարածաշրջանի անվտանգության խնդիրներին, մեր երկրների անվտանգությանը և այն ամենին, ինչ կապված է տնտեսության հետ»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հաղթահարում է պատժամիջոցների առաջացրած հետևանքները։
«Ցանկանում եմ նշել, որ, չնայած բոլոր դժվարություններին, Ռուսաստանի տնտեսությունը բավականին արժանիորեն է դիմանում պատժամիջոցների ազդեցությանը, այդ մասին են վկայում բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները»,- ասել է ՌԴ նախագահը։

Լուկաշենկոն իր հերթին ստեղծված իրավիճակն անվանել է «հնարավորությունների ժամանակ»։
«Նրանք՝ Արևմուտքը, առանց գիտակցելու, մեզ դրդեցին ավելի ինտենսիվ աշխատել մեր տնտեսության հետ: Մեր կառավարությունները մեր (նախագահների - խմբ.) ցուցումներով որոշեցին ներմուծման հիմնական ուղղությունները, նույնիսկ հաշվարկեցին, թե դա որքան կարժենա։ Գումարը շատ չնչին է, հիմա չեմ ուզում հրապարակայնորեն նշել դա»,- ընդգծել է Բելառուսի նախագահը։

--00--ԱԱ