ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է Լիտվայի Հանրապետության պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

․

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանն այսօր ընդունել են Լիտվայի Հանրապետության ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին՝ Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա էին Լիտվայի Հանրապետության փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեն և Լիտվայի մի շարք համալսարանների ներկայացուցիչներ՝ ռեկտորներ, պրոռեկտորներ, դեկաններ և այլք։

Փոխնախարարները շնորհակալություն են հայտնել Լիտվայի Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչներին այցելության և համագործակցության համար։ Նրանք շեշտել են, որ կրթությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այդ ոլորտում իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ միտված կրթության որակի բարելավմանը, արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ստեղծմանը։

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է միջկառավարական ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև առաջարկել է քննարկել կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։

Ա․ Մարտիրոսյանն ընդգծել է, որ գիտության, կրթության և սպորտի բնագավառներում հայ-լիտվական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, հիմքեր՝ փոխգործակցության առավել առաջմղման և հայ-լիտվական հարաբերությունների խորացման համար։ Նա կարևորել է Լիտվայի փորձը և լավագույն փորձի փոխանակումը երկու երկրների միջև։ Առաջարկվել է սերտացնել համագործակցությունը 2 երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, իրականացնել համատեղ տեղեկատվական նիստեր, դիտարկել թվային դիպլոմների (e-passport) տրամադրման հնարավորությունը:

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ողջունելով հյուրերին և նշելով, որ կրթությունը ՀՀ-ում գերակա ոլորտ է, ներկայացրել է կրթության ոլորտում արված փոփոխությունները և երկու երկրների բուհերի միջև համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Կարեն Թռչունյանն ընդգծել է նաև հավատարմագրման և լիցենզավորման գործընթացների ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը։

Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ լիտվական կողմը ևս հետաքրքրված է ՀՀ-ի հետ իրականացվելիք ծրագրերով։ Նա առաջարկել է ակտիվացնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը, կրկնակի դիպլոմների տրամադրման և կադրերի վերապատրաստման կազմակերպման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսանողների փոխադարձ շարժունությանը, կարճաժամկետ պրակտիկաներին, Լիտվայի համալսարանի հենքի վրա հայագիտական կենտրոնի ստեղծմանը, ուսանողների փոխանակման ծրագրերին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր:

--00--ԱՀ