Հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են. Լիտվայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիսավոր ընդունելությանը հաջորդած առանձնազրույցում ՀՀ ԱԺ նախագահը և Լիտվայի նախագահը քննարկել են համագործակցության համատեղ օրակարգի հեռանկարները:

Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը` առանձնացնելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ հետագա գործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լիտվայի նախագահը նշել է, որ հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, և հույս է հայտնել, որ շուտով տարածաշրջանում տևական խաղաղություն կհաստատվի:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ջերմ ողջույններ է փոխանցել Սեյմասի նախագահ Չմիլիտե-Նիլսենին:

նկար

--00—ԼՄ