Գործող իշխանապետը ոստիկանությանը և դատաիրավական համակարգին ներքաշել է հանցավոր տեղապտույտի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ժառանգություն

«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն է տարածել․

«Այսօր գործող վարաչախումբն ու իր խմբապետը «ժողովրդավարության հայկական ֆորում» ծխածածկույթի տակ հերթական ձեռնածությունը կյանքի են կոչում՝ առանց որևէ ընդդիմադիր խոսքի հնարավորության: Տեղի ունեցածը մեր երկրում ժողովրդավարության բազմակողմանի նահանջի դրվագներից սոսկ մեկն է, ինչը «Ժառանգություն» կուսակցությունը դիտարկում է Հայաստանում ակնհայտորեն ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող գործընթացներից միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձ:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է մայրաքաղաք Երեւանում ընթացող բողոքի ակցիաների շրջանակում ՀՀ ոստիկանական ուժերի կողմից իրականացնող իրավակիրառ գործողություններում օրենքի եւ մարդու իրավունքների հետ կապ չունեցող անհամաչափ ուժի եւ բռնությունների դեպքերը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ու խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մեզ համար վրդովեցուցիչ է՝ հայրենի գործող իշխանապետը ՀՀ ոստիկանությանը եւ դատաիրավական համակարգին ներքաշել է հանցավոր տեղապտույտի մեջ: Քաղաքական հայացքների համար բանտարկությունների օր օրի ընդարձակվող անվանացանկը, ինչպես նաեւ մեզ պատուհասած 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ընտանիքի անդամների նկատմամբ քրեադատավարական գործընթացներ սկսելը դուրս են բարոյական բոլոր չափորոշիչներից՝ հիմք ստեղծելով ինքնադատաստանի վտանգավոր նախադեպի հնարավորության համար:

Մեկ ամսվա ընթացքում երկու անգամ եւ միլիարդավոր դրամների պարգեւավճարով ջնարակապատ ոստիականական բիրտ ուժի կիրառմամբ Հայաստանի գործող վարչախումբը ի ցույց է դնում սեփական թուլությունը եւ սնանկությունը՝ ի վիճակի չլինելով պարպել փողոց դուրս եկած մեր հայրենակիցների արդարացի ցասումը:

Արձանագրում ենք, որ մեր ձեռքի տակ գտնվող նյութերը որեւէ կապ չունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավական պետության հետ: 

Երախտիքի եւ շնորհակալության խոսքեր հղելով օրենքի եւ իրավունքի շրջանակում պետությանը եւ հասարակությանը ծառայություն մատուցող ոստիկանությանը եւ իրավապահ մարմիններին՝ կո՛չ ենք անում, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության տիրույթում գործող միջազգային բոլոր կառույցներին անկողմնակալ գնահատական տալ Հայաստանի գործող վարչախմբի ոչ համաչափ գործողություններին, ինչպես նաեւ՝ ՀՀ դատախազությանը եւ վարչական վերահսկողությամբ օժտված բոլոր պատկան ատյաններին պատշած քննության ենթարկել ոստիկանի ուսադիրները խուլիգանի մատնոցի հետ շփոթած մի քանի ստահակների անիրավաչափ գործողությունները ՀՀ ԱԺ պատգամավորների, լրագրողական տիրույթի մեր գործընկերների, ինչպես նաեւ խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակից մեր հայրենակիցների նկատմամբ»:

--00—ԼՄ