Կայացել է պատմական հանդիպում. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

,

«Հրապարակ» թերթը գրում է. «2008 թվականի մարտի 1-ին, երբ իրավիճակը երկրում պայթյունավտանգ էր, Գարեգին Բ-ն այցելել է Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն, սակայն նա դուռը չի բացել կաթողիկոսի առաջ` ասելով, որ կաթողիկոսը եթե ասելիք ունի, պետք է ասի Ռոբերտ Քոչարյանին, ոչ թե իրեն:

Դրանից անցել է 14 տարի, այս ընթացքում կաթողիկոսն ու ՀՀ առաջին նախագահը երբեւէ չեն հանդիպել: Նրանց անդրանիկ հանդիպումը կայացել է փետրվարի երկրորդ կեսին: Կաթողիկոսը, ի զարմանս իր շրջապատի, չի մերժել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանդիպման առաջարկը: Մեզ պատմեցին, որ հանդիպել են Երեւանում: Բնականաբար, տարբեր հարցեր են քննարկել, սակայն մեր աղբյուրը նշում է, որ գլխավոր հարցը եղել է Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի հուշարձանի կառուցման հարցը:

Տեր-Պետրոսյանը հորդորել է Գարեգին Բ-ին՝ մերժել նման հուշարձան կանգնեցնելու առաջարկը: Եվ այդ հանդիպումից մի քանի օր անց` փետրվարի 23-ին, Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Իմ խորին համոզմամբ, Հայոց եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը, ըստ արժանվույն գնահատելով հանդերձ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի անժխտելի երախտիքը եկեղեցաշինության գործում, այնուամենայնիվ, պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը, որովհետեւ այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին»։

Հոգեւոր խորհուրդն էլ հենց հաջորդ օրը նման որոշում կայացրեց` հարգելով առաջին նախագահի հորդորը: Այս հանդիպման մասին մենք հետաքրքրվեցինք Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանից։ Նա պատասխանեց. «Առանց մեկնաբանության»: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանն էլ չհերքեց մեր լուրը՝ նշելով, որ հետո այդ մասին կխոսի, սակայն անհետացավ: Միայն հասկանալի չէ, թե ինչու են խուսափում հրապարակայնացնել հանդիպման փաստը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր