Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը հիմնանորոգվում է. ի՞նչ այլ ծրագրեր կան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

նկար

Երևանյան լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կառուցելու ծրագիր կիրագործվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է դեռևս տարիներ առաջ արված նախագիծը կյանքի կոչելու նպատակով առաջիկա տարիների համար նախանշել փուլային լուծումներ:

***

Ամբողջությամբ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը: Առաջին փուլով մաքրվել է տարածք, հղկվել և փոխարինվել են տուֆե սալիկները, ծրագրի երկրորդ փուլով, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է նաև կանաչ գոտու վերականգնում ու եզրաքարերի փոխարինում: Տարեկան ծրագրով բարեկարգ ու հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Աբովյան պուրակում:

***

Ընթացիկ տարում կնորոգվի Շտապբուժօգնության ծառայության շենքի տանիքը: Հանձնարարվել է նախագծային աշխատանքներում հաշվի առնել նաև էներգախնայողության բաղադրիչը, ինչը հնարավորություն կտա ծրագիրն իրագործել ՄԱԿ-ի հետ համատեղ:

***

Վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբախցերի փակման գործընթացը: Այս պահին քաղաքում մնացել է 64 գործող աղբախուց:

***

Վարչական շրջաններում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվող շաբաթօրյակները պետք է նպատակին ծառայեն: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է քննարկել հստակ միջոցառումներ, որպեսզի մաքրվող տարածքները նորից չաղտոտվեն: Ի դեպ, համայնքն արդեն քայլեր է ձեռնարկում ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես մեծացնելու համար:

***

Այսօրվանից մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունումը: Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ մինչև հունիսի 7-ը: Հարցերի դեպքում քաղաքապետարանի հանրակրթության վարչության մասնագետները պատրաստ են ուսուցիչներին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն:

--00—ԼՄ

Տեսանյութեր