ՏԿԵՆ նախարարը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Սյունիքում ճանապարհների կառուցման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

նկար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ:

Նախարարի հետ առանձին հանդիպումից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպում։

Քննարկվել են ընդհանուր բնույթի հարցեր՝ տեղեկատվության փոխանակման, իրանական ընկերությունների՝ Հայաստանում աշխատանքներ իրականացնելու հնարավորությունների, մասնագիտական աշխատանքի վերաբերյալ։

Քննարկվել են նաև բեռնափոխադրումների հետ կապված հարցեր։ Երկկողմ արձանագրվել են առկա խնդիրները և պայմանավորվածություն է ձեռք բերվել վերացնելու այդ խոչընդոտները, որպեսզի երկու երկրների միջև ավելանա ապրանքաշրջանառությունը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում․ «Այս կոնտեքստում մենք շատ կարևորում ենք Սյունիքում կառուցվող ճանապարհները, հատկապես հյուսիս-հարավի՝ Սյունիքի հատվածը, որը իրանական բեռնատարների համար առաջիկայում ավելի հարմարավետ կդառնա, կկրճատվի ճանապարհի երկարությունը։ Առաջիկայում, երբ աշխատանքներն ավարտվեն, տնտեսապես ավելի ձեռնտու կլինի այդ ճանապարհներով երթևեկելը»,-ասել է նախարարը։

Հանդիպումից հետո նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին։

--00—ԼՄ