Վրաստանում ապաստան հայցողների մեծ մասն Ուկրաինայի քաղաքացիներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Վրաստան Ուկրաինա փախստականներ

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակում՝ հունվար-մարտ ամիսներին Վրաստանից ապաստան է խնդրել 364 օտարերկրյա քաղաքացի: Փոխանցում է aliq.ge-ն։

Հատկանշական է, որ նրանց մեծամասնությունը՝ 126-ը Ուկրաինայի քաղաքացի են։ Մյուս քաղաքացիների դեպքում պատկերը հետևյալն է.

  • 52-ը` Թուրքիայի,
  • 31-ը` Իրանի,
  • 21-ը` Ռուսաստանի,
  • 17-ը Աֆղանստանի,
  • 16-ը՝ Եգիպտոսի քաղաքացիներ:

ՆԳՆ տվյալներով՝ ընդհանուր առմամբ հումանիտար կարգավիճակ է ստացել 51 մարդ, որոնցից Աֆղանստանի 21 քաղաքացի, 13-ը՝ Ուկրաինայի, 7-ը՝ Եմենի քաղաքացի։ Հումանիտար կարգավիճակ չի ստացել Ռուսաստանի ոչ մի քաղաքացի։

Նշվում է նաև, որ 2022 առաջին երեք ամիսներին Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների կողմից Վրաստանում ապաստան հայցողների թիվն ավելացել է։ Անցյալ տարի Վրաստանից ապաստան է խնդրել միայն Ուկրաինայի՝ 3 և ՌԴ 54 քաղաքացի։

Ինչ վերաբերում է փախստականի կարգավիճակին, ապա այն հետևյալն է՝ ընդհանուր առմամբ կարգավիճակ է ստացել 9 քաղաքացի, նրանցից ոչ ոք Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացի չէ։ Փախստականի կարգավիճակ են ստացել հիմնականում Եգիպտոսի, Աֆղանստանի, Պակիստանի և Թուրքիայի քաղաքացիները։

2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանից արտաքսվել է ընդհանուր առմամբ 40 օտարերկրյա քաղաքացի, որոնցից 4-ը՝ ՌԴ քաղաքացի։ Արտաքսվածների թվում են նաև Թուրքիայի, Իրանի, Հնդկաստանի և Եգիպտոսի քաղաքացիներ։

Օտարերկրյա քաղաքացիներին փախստականի և հումանիտար կարգավիճակ է տրվում Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան։

--00--ԱԱ