Էդմոն Մարուքյանը հրապարակեց Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված 6 կետերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Մարուքյան Էդմոն Բրյուսել Արցախ

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ լիազորված է հրապարակել «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների հաստատման՝ Ադրբեջանի կողմից փոխանցած 5 կետերի վերաբերյալ Հայաստանի արձագանքը»՝ պատասխան 6 կետերը։

«Առաջին կետում գրված է, որ փետրվարի 21-ին թվագրված նամակին, որը հայկական կողմին է փոխանցվել մարտի 11-ին, այսինքն՝ 20 օր անց, պատասխանում ենք։

Երկրորդ կետ՝ ՀՀ֊ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի հանրապետության նկատմամբ։ Այստեղ ասվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և  սահմանները 1991 թվականի դեկտեմբերի ութին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրված փաստաթղթի մասին։

Երրորդ կետով ասված է, որ հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։

Չորրորդ կետը.  հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի,հունվարի 11֊ի և նոյեմբերի 26֊ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ Սա չորրորդը, իսկ դա ո՞րն է, ռազմագերիների վերադարձը, որը մինչ օրս չի արվել, կոմունիկացիաների բացումը։

Հինգերորդ կետը. հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ  խաղաղության , հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և ՀՀ֊ի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այստեղ է ամրագրված ազգերի ինքնորոշման և այլ կարևոր իրավունքներ։

Վեցերորդ կետ. համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»։

--00--ԱՀ