Իշխանություններին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և պարզել հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

․

«ԱՐԱՐ» հիմնադրամը հայտարարություն է տարածել, ուրում ասված է․

«Սույն թվականի մայիսի 12-ին ձերբակալվել է ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել նրա բնակարանի խուզարկությունից հետո: Բնակարանում որևէ հակաօրինական բան չի հայտնաբերվել:  

Վստահ ենք, որ կանխամտածված և սադրիչ գործողությունների հետևանք հանդիսացող այս քայլերը գործող  իշխանության պատասխան արձագանքն է Ավետիք Չալաբյանի ոչ իշխանահաճո քաղաքացիական դիրքորոշման: Պարոն Չալաբյանը պարբերաբար դեմ է արտահայտվել բանակի կանխամտածված ու հետևողական քայլերով  հեղինակազրկմանն ու Արցախի հիմնախնդրի լուծման հարցում ներկայիս իշխանության դիրքորոշմանը։

«Արար» հիմնադրամը տարիներ շարունակ ջանքեր է ներդրել Հայաստանի և Արցախի  զարգացման ու անվտանգության ամրապնդման համար, որում Ավետիք Չալաբյանի ներդրումն անուրանալի է: Ներկա իրավիճակում, երբ անվտանգության հարցերը ծայրահեղ կարևոր են, երկրի բարօրության ուղղությամբ ջանք չխնայող գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ուղիղ կերպով նպաստում են Հայաստանի թշնամիների շահերին։

Ուստի, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հորդորում է Հայաստանի գործող իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և ՀՀ օրենսդրության շրջանակներում ձեռնարկել միջոցներ՝ պարզելու սույն մեղադրանքի իրական հանգամանքները»:

--00--ԱՀ

Տեսանյութեր