Դաշնակցական երիտասարդ Գոռ Սարգսյանը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

հասարակական

ՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանը կալանավորվեց։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել է Գոռ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Դատարանը միևնույն ժամանակ իրավաչափ է ճանաչել Սարգսյանի ձերբակալությունը՝ մերժելով բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Աբգար Պողոսյանը՝ հավելելով, որ պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք է եղել։ Նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանություն է տեղի ունեցել։ Մասնավորապես, կանգառում կանգնած տարեց տղամարդիկ՝ 74, 56, 72 և 84 տարեկան, հայհոյանքներ են հնչեցրել դաշնակցական երիտասարդների հասցեին, ձվեր նետել վերջիններիս ուղղությամբ, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարեց տղամարդիկ տուժող են ճանաչվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հինգ քաղաքացի, այդ թվում՝ Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը։ Արսեն Մարտոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել նաև Գոռ Սարգսյանին և Տարոն Մանուկյանին կալանավորելու մասին, որոնք բավարարվել են։

--00--ԿԿ

Տեսանյութեր