Թուրք գավառապետը Հայոց պատրիարքին վստահեցրել է՝ օգտակար կլինեն, եթե եկեղեցին ունենա նորոգման կարիք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

նկար

Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Մարդինի նահանգի Դերիքի գավառում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ մատուցելուց հետո այցելել է Դերիքի գավառապետ Էվրեն Չաքըրին, գրում է ermenihaber.am-ը։

Հանդիպմանը գավառապետ Չաքըրը նշել է, որ պատրաստ է օգտակար լինել, եթե եկեղեցին ունենա պահպանության կամ նորոգության կարիք։

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ի հիշատակ այցելության գավառապետին է նվիրել Օսմանյան կայսրության շրջանի հայ նկարիչների մասին Կարո Քուրքմանի հեղինակած երկհատոր աշխատությունը։ 

Էվրեն Չաքըրը, իր հերթին, Կ․ Պոլսի հայոց պատրիարքին է նվիրել լուսանկար, որում պատկերված են Դերիքի եկեղեցու մեջ աղոթող հավատացյալները։

Հիշեցնենք, որ օրերս Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը 20 տարի դադարից հետո պատարագ է մատուցել Մարդինի Դերիք գավառում գտնվող 372-ամյա հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում։ 

--00—ԼՄ