Փամբուխչյանը Սևանում հետևում է ջրահեղձ եղած քաղաքացիների դիերի որոնմանը․ ՌԴ-ից տեխնիկա է բերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

նկար

Մայիսի 10-ին՝ առավոտյան ժամը 07։00-ից, Գեղարքունիքի մարզում շարունակվել են Սևանա լճում Վարդենիկ գյուղի 2 բնակիչների որոնողական աշխատանքները։ Նշված վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ու ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, գրում է shamshyan.com-ը։

Արդեն 3 ժամից ավելի է՝ նախարար Ա. Փամբուխչյանը հետևում է որոնողական աշխատանքներին, որին ներգրավված են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության մեծ թվով հրշեջ-փրկարարներ, Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ջրասուզակներ։ 

4-րդ օրն է արդեն, որ մի քանի գյուղերի բնակիչներ, այդ թվում՝ Վարդենիկից, Նորատուսից, Զոլաքարից, Մարտունի քաղաքից, հարևան մի քանի գյուղերից ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ իրենց մոտորանավակներով (30-ից ավելի) ջրի ափից մոտ 3 կմ դեպի Սևանա լիճ կատարում են որոնողական աշխատանքներ։ 2-3 ջրասուզակներ, եթե եղանակային պայմանները թույլ են տալիս, 1 ժամից ավելի 30-40 մետր խորության վրա հետախուզական աշխատանքներ են կատարում։ 

Ըստ աղբյուրի՝ երեկ ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի եղբայրը իր ընկերների օգնությամբ Ռուսաստանի Դաշնությունից բերել է տվել 2 հատուկ սարքավորում, որոնց արժեքը 7000-8000 ԱՄՆ դոլար է, որոնցով հնարավոր է ջրի տակ ճշգրտությամբ հայտնաբերել կասկածելի կամ փնտրվող առարկաներ։ 

Արդեն մի քանի ժամ է, այդ 2 հատուկ սարքավորումներով ջրի տակ դիտարկվում է տեղանքը։ Նշված սարքավորումը մոտ 90 տոկոս ճշգրտությամբ ցույց է տալիս ջրի հատակը, ինչը 100 տոկոսով հեշտացնում է ջրասուզակի աշխատանքը, մինչդեռ մինչ այդ, ջրասուզակները օգտագործում էին իրենց մոտ եղած ոչ որակյալ տեսախցիկը, որի տեսանելիությունը այնքան էլ օգուտ չի տալիս։ Այս պահին որոնողական աշխատանքները փրկարարների, ջրասուզակների, մեծ թվով գյուղացիների կողմից շարունակվում են։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ