ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի գործողությունների մասով նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

հասարակական

«ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից Mediahub.am-ի օպերատորին ոտքով հարվածելու դեպքին առնչվող ստացված հաղորդումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Դախազությւնից տեսանյութն ուղարկվել է քննչական կոմիտե, դրա վերաբերյալ ստացել էինք մի քանի հանցագործությունների մասին հաղորդում, դրանք ևս ուղարկվել են Քննչական կոմիտե, որպեսզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստվեն և ընթացքը ըստ նյութերի լուծվի»:

Գոռ Աբրահամյանի խոսքով՝ հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել են Իրազեկ քաղաքացիների միավորումը, Վանաձորի Հելսինկյան գրասենյակը, ևս մեկ կազմակերպություն:

Հիշեցնենք՝ Սարգիս Հովհաննիսյանը երեկ անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի ու օպերատորի նկատմամբ։