Անցկացվել է աշխատանքային քննարկում ամուսնության տարիքային շեմի փոփոխության հարցի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ю

Ամուսնության տարիքային շեմը աշխարհի տարբեր երկրներում ու ժողովուրդների շրջանում տարբեր է` պայմանավորված ազգային, կրոնական, ավանդույթների չափորոշիչներով:

Հայաստանում Ընտանեկան օրենսգրքով ամուսնության տարիք սահմանվել է 18 տարեկանը, բացառությամբ` անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է ծնողների, որդեգրողների և հոգաբարձուի համաձայնությունը: 16 տարեկանում անձը կարող է ամուսնանալ, եթե առկա է ծնողների, որդեգրողների և հոգաբարձուի համաձայնությունը, և երբ ամուսնացող մյուս կողմը չափահաս է:

Մայիսի 2-ին խորհրդարանում ամուսնության տարիքային շեմի փոփոխության հարցի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նշել է, որ մինչև 18 տարեկան աղջիկների հղիությունն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Կինը մինչև 18 տարեկանը դեռևս պատրաստ չէ հղիության: Հնարավոր վտանգներ սպառնում են ինչպես կնոջը, այնպես էլ պտղին և նորածնին:

Վաղ հասակում ազգային, կրոնական սովորություններով պայմանավորված` աղջիկները թողնում են դպրոցը. ոտնահարվում է երեխայի պարտադիր կրթության իրավունքը: Մասնակիցներն արձանագրել են, որ դպրոցներում գրանցված տղաները ևս չեն հաճախում դպրոց` հողագործության աշխատանքների, ինչպես նաև տարբեր այլ պատճառներով:

«Վաղ ամուսնությունների խնդիրն արդիական է` հիմք ընդունելով ՄԻՊ հաստատության ուսումնասիրությունները: Այն շարունակում է ստեղծել այնպիսի հիմնարար իրավունքների խախտումների ռիսկեր, ինչպիսիք են կրթության, առողջապահության պահպանման իրավունքները, վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրները»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: ՄԻՊ-ը մշտական ուշադրության կենտրոնում է պահում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման խնդիրները:

ՀՀ վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանի խոսքով՝ ազգային փոքրամասնություններին պետական բյուջեից տրամադրվում է տարեկան 20 մլն դրամ` էթնիկ համայնքների ինքնության պահպանման, մշակույթի, լեզվի զարգացման խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին: Գումարը բաշխում է ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդը: Առավելությունը տրվում է պետականություն չունեցող ազգություններին:

Վարդան Ասցատրյանի ներկայացմամբ` տարին երկու անգամ այցելություններ են կատարվում ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, քննարկվում են համայնքներում առկա խնդիրները: Նրա խոսքով` ժամանակի ընթացքում ավանդույթի բուն նշանակությունն ու էությունը կորչում է, և պահպանվում է ժառանգաբար փոխանցված ձևական մասը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն էլ  քննարկման ընթացքում անդրադարձել է աղջիկների` կրթության համակարգից դուրս մնալու հարցին, պարտադիր հանրակրթության և հետագա մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություններին:

«Կրթական համակարգում այսօր անգամ չունենք ամուսնացած երեխաների կրթության կազմակերպման կարգեր: Իհարկե, նոր կրթական ծրագրերն ու չափորոշիչները հնարավորություն են տալիս բավականաչափ բազմազանություն ապահովել: Սակայն խնդիրը դուրս է մնացել կարգավորումից»,- ասել է Ռոբերտ Ստեփանյանը:

Ռուստամ Բաքոյանը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ ուսումնասիրությունների արդյունքներով ակտիվ համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ` ամուսնության տարիքային շեմի հարցի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ կկայացվի համապատասխան որոշում: 

--00--ԱՀ