Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

աշխարհ

Անկարայի կողմից Իրաքի տարածքում քուրդ զինյալների դեմ նախաձեռնած ռազմագործողությունը Թուրքիայի ու Իրաքի միջև դիվանագիտական լարվածություն է առաջացրել:

Նախօրեին Անկարայում Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն:

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչը տեղեկացվել է Իրաք պաշտոնական կառույցներից հնչող հայտարարությունների և «դրանց շրջանակներում առաջ քաշվող անհիմն պնդումների» կապակցությամբ թուրքական կողմի ունեցած անհանգստության մասին, ինչպես նաև Իրաքից ունեցած սպասելիքների մասին: Նշվում է, որ միևնույն ժամանակ իրենց մոտեցումները բովանդակող նոտա է հանձնվել Իրաքի ներկայացուցչին:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Իրաքի իշխանությունները երկար տարիներ ընդառաջ չեն գնացել Թուրքիայի պահանջներին՝ կապված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) «Թուրքիայի համար ներկայացրած վտանգը չեզոքացնելու հետ»: Ըստ թուրքական կողմի՝ Իրաքն այս ուղղությամբ ոչ մի կոնկրետ քայլ չի կատարել, և Թուրքիան ինքն է միջոցներ ձեռնարկում Իրաքի տարածքում տեղակայված ՔԲԿ-ի՝ ներկայացրած սպառնալիքը վերացնելու ուղղությամբ: 

Ի դեպ՝ ապրիլի 20-ին էլ Իրաքում Թուրքիայի դեսպան Ալի Ռիզա Գյունեյն էր կանչվել Իրաքի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել էր «դիվանագիտական խիստ ձևակերպումներով» նոտա: Դրանով Անկարայից պահանջվել էր վերջ դնել սադրիչ գործողություններին ու Իրաքի տարածքային ամբողջականության անընդունելի խախտումներին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, պահեստներն ու թաքստոցներ:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմական օպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները:

--00--ԿԿ