ՏԿԵՆ-ում քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

nka8

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում, որի ընթացքում ներկայացվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության նախնական գնահատման հաշվետվությունը։ Այն մշակվել է «Էկոլայն Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի, «ՍԻ Ի Սոլյուշնս» ՍՊԸ-ի և «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ընկերությունների միավորման կողմից։

Հանրային քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵՆ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներ։

«Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ազգային պահանջներին համապատասխան։

Հանրային քննարկման ընթացքում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը ներկայացրել է կառուցվելիք ճանապարհի տեխնիկական բնութագիրը։ Ճանապարհն ունենալու է 60 կմ երկարություն։ Նախատեսված է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի ճանապարհ՝ առաջին տեխնիկական կարգի պարամետրերով։ Ճանապարհն ունենալու է երեք երթևեկելի գոտի, յուրաքանչյուր երթևեկելի գոտին՝ 3.30 մ լայնությամբ, ընդհանուր երթևեկելի մասի լայնությունը՝ 11.1 մ, իսկ հողային պաստառի լայնությունը՝ 15.6 մ։ Կառուցվելիք ճանապարհն անցնում է բարդ ռելիեֆով, ճանապարհը ներառելու է ընդհանուր 5.1 կմ երկարությամբ 27 կամուրջ, 12.9 կմ երկարությամբ 9 թունել, ամենաերկարը Բարգուշատի թունելն է (8.6 կմ)։ Այսինքն՝ 60 կմ ճանապարհի մոտ 18 կմ-ն արհեստական կառուցվածքներ են։ Նախատեսված են մոտ 5 կմ ընդհանուր երկարությամբ 104 հենապատեր՝ մինչև 11 մ բարձրությամբ։ Պարոն Սանոյանը տեղեկացրել է, որ այս փուլում հայտարարված է ճանապարհի շինարարության կապալառուի ընտրության նախաորակավորման մրցույթ։

«ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս»-ի տնօրեն Արտակ Տեր-Թորոսյանը խոսել է ծրագրի իրականացման ընթացքում բնապահպանական կանխատեսվող ազդեցությունների մասին։ Ներկայացվել են նաև սոցիալ-տնտեսական հնարավոր ազդեցություններն ու օգուտները։ Մասնավորապես, ակնկալվում է բարելավված տրանսպորտային կապ, երթևեկության ժամանակի և ծախսերի էական կրճատում։ Հայաստանի տնտեսական աճը կխթանվի հարևան երկրների հետ ավելի լավ հասանելիության և առևտրի հնարավորությունների շնորհիվ։ Տարածաշրջանում կզարգանա զբոսաշրջության և հանգստի ներուժը, կստեղծվեն նոր աշխատատեղեր այս ոլորտում։ Նոր որակյալ ճանապարհը կհանգեցնի երթևեկության անվտանգության բարձրացմանը և տրանսպորտային միջոցների տեխսպասարկման ծախսերի կրճատմանը։ Շինարարության փուլում կստեղծվեն նոր աշխատատեղեր։

Կազմակերպիչները նշել են, որ համանման հանրային քննարկումներ կանցկացվեն նաև Սյունիքի մարզում՝ Սիսիանում, Դարպասում, Շենաթաղ, Քաջարան և այլն, որպեսզի լսեն նաև տեղի բնակչության կարծիքը, դիտողություններն ու նկատառումները»։

--00—ԼՄ