Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար՝ Ֆրանսիայում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ն

Ֆրանսիայի Նիմ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողություն։ Նախաձեռնությունը «Նիմի  Հայ- ֆրանսիական բարեկամություն» ասոցիացիայինն էր` ի դեմս ասոցիացիայի նախագահ Արմեն Մարտիրոսյանի: Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիական լրատվամիջոցները։

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Նիմի քաղաքապետ Ժան–Պոլ Ֆուրնիեն, Ֆրանսիայի Ազգային Ժողովի Պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյուման, Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը և այլ պաշտոնյաներ։ Օրը նշանավորվեց նաև մեկ այլ կարևոր իրադարձությամբ. քաղաքային պուրակը, որտեղ տեղադրվեց խաչքարը, անվանակոչվեց ի հիշատակ 1915 թ–ի ապրիլի 24–ի ցեղասպանության անմեղ զոհերի։

,

Դեսպան Տոլմաջյանն իր ելույթի ընթացքում ընդգծեց Ֆրանսիայի դերն ինչպես ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին ապաստանելու, այնպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։         

Նիմի քաղաքապետ Ֆուրնիեն  հիշատակի և հարգանքի խոսքով հանդես եկավ` ևս մեկ անգամ վերահաստատելով նաև Հայ–ֆրանսիական հարատև բարեկամությունը։

«Մեզ համար մեծ պատիվ էր կյանքի կոչել նման նախաձեռնություն։ Խաչքարի խորհուրդն իր մեջ ամփոփում է ինչպես Ցեղասպանության նահատակների,  այնպես էլ արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների հիշատակը։ Նպատակը` մեր ազգային արժեքների պահպանումն ու հայրենիքից հեռու ապրող մեր հայրենակիցների միավորելն է»,–  նշել է Արմեն Մարտիրոսյանը։

Վերջում, ի նշան երախտագիտության, Նիմ քաղաքի քաղաքապետ Ժան–Պոլ Ֆուրնիեն խորհրդանշական հուշամեդալներ հանձնեց Հասմիկ Տոլմաջյանին և Արմեն Մարտիրոսյանին՝ հայկական մշակույթը ներկայացնող խաչքարը քաղաքին նվիրելու համար:

--00--ՆՍ