Փաշինյանը տանում է երկիրը կործանման՝ պրոցեսը համեմելով ինչ-որ զառանցանքներով․ Վրթանեսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

քաղաքական

Նիկոլ Փաշինյանը տանում է երկիրը կործանման՝ պրոցեսը համեմելով ինչ-որ զառանցանքներով։ Այս մասին 24News-ին ասաց «Ռազմինֆո» ռազմական-վերլուծական կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա ելույթներին Ազգային ժողովում։

Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, ի թիվս այլնի, ապրիլի 13-ին ասել էր․ «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ «մի փոքր իջեցրե՛ք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»։ «Հակառակ դեպքում», - ասում է միջազգային հանրությունը, - «մեզ վրա հույս չդնեք»»։ Ապրիլի 14-ին կառավարության ղեկավարն ԱԺ-ում ասել էր․ «Մենք խոսում ենք Հայաստանի լինել-չլինելու մասին»։

Կառավարության ղեկավարը նաև խոսել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտությունից։  

Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորների նույնաբովանդակ մտքերին երեկ հայտարարությամբ միաձայն արձագանքել էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։ «Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը», - նշվում էր հայտարարության մեջ։

Արցախի ԱԺ-ն պահանջել էր, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն «իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով»: «Ոչ մի իշխանություն իրավունք չունի  «խաղաղության» պատրվակով  Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու», - ասված էր ԱԺ հայտարարության մեջ:

Փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքերով՝ ամբողջ հանրությունը փորձում է Փաշինյանի «զառանցանքների մեջ ինչ-որ իմաստ գտնել»։ «Հերիք է, արդեն պետք է հասկանալ, որ այդ մարդու խոսակցությունները կապ չունեն իր իրական նպատակների հետ։ Կոպիտ ասած, մեկը ոնց որ Ձեզ տանի Ձեր գլուխը կտրելու, արանքում անեկդոտ պատմի, ու մենք դնենք, այդ անեկդոտը քննարկենք։ Պետք է արդեն խելք հավաքել, չի կարելի էդպես։ Ի՞նչ ինֆանտիլություն ա, դա ինչ խոսա, մենք դնելո՞ւ ենք, քննարկե՞նք, վարի ա տալիս երկիրը, չե՞ք հասկանում», - եզրափակեց Վրթանեսյանը։