Փաշինյանի մտքի թռիչքն է․ Թովմասյանը՝ Արցախ չթողնելու մեջ խաղաղապահներին մեղադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

քաղաքական

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մարտի 25-ին վերադարձել է Արցախից, ուր մեկնել էր դեռևս մարտի 22-ին։

24News-ի հետ զրույցում նա դժվարացավ ասել՝ ո՞րն է պատճառը, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավոներին երեկ թույլ չի տրվել մուտք գործել Արցախ։

«Փառուխի, Խրամորթի հայտնի դեպքերի ժամանակ Արցախում էի։ Չգիտեմ՝ ինչու չեն թողել։ Ես շատ սովորական անցել եմ բոլոր հնարավոր անցակետերով և Արցախ եմ մտել առանց խոչընդոտի։ Չեմ հասկանում՝ ի՞նչը կարող էր պատճառ լինել որևէ քաղաքացու մուտքն արգելելու համար, կապ չունի պատգամավոր է, թե ոչ, մուտքն արգելելը մտահոգիչ է շատ», - նշեց Թովմասյանը։

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել ու մտահոգություն հայտնել, որ «ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ»: «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»:

Անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը՝ Թովմասյանն ասաց, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական քաղաքական մտքի թռիչքն է, որ «որևէ հարցում միշտ մեղավոր են ուրիշները, բայց ոչ երբեք Փաշինյանը, հետևաբար այս դեպքում էլ «խաղաղապահներն են մեղավոր, բայց ոչ ՀՀ իշխանությունները»»։

«Չէ՞որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է ցուցակագրում պատգամավորներին ու ցուցակն ուղարկում է համապատասխան տեղ։ Թե ո՞ր համապատասխան տեղն է ուղարկել, և որտեղի՞ց է հրահանգը իջեցվել, որ պատգամավորները չպետք է մտնեն Արցախ, «շան գլուխն» արդեն այդ հատվածում է թաղված, ինչպես ասում են», - եզրափակեց պատգամավորը։