ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը կարելի է համարել սառեցված․ նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

քաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը կարելի է համարել սառեցված, սակայն այն չի սպառել է իր աշխարհաքաղաքական դերակատարումը Հարավային Կովկասում։ Այս մասին 24News-ին ասաց նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

Ապրիլի 8-ին Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդ ԵԱՀԿ ՄԽ մյուս երկու համանախագահները՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները, ռուսատյացության ալիքի տակ չեղարկել են նաև ՄԽ եռանախագահությունը՝ հայտարարելով, «թե մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով»։ 

Խոսրով Հարությունյանի խոսքերով՝ Լավրովի խոսքն ավելի շատ պայմանավորված է Ուկրաինայում առկա Արևմուտք-ՌԴ փոխհարաբերությունների լարված մթնոլորտով, քանի որ Արևմուտքը դադարեցնում է ՌԴ-ի հետ համագործակցությունը միջազգային գրեթե բոլոր հարթակներում․ «Լավրովը եզրակացություն է անում, որ համագործակցություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում առաջիկայում պետք է բացառել։ Թեև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին վերջին հայտարարությունում ԵՄ-ն ՄԽ-ին հղում չի անում, բայց ԵՄ-ն չի կարող զերծ մնալ ԵԱՀԿ կառույցից, որն, ի դեպ, գործում է ՄԱԿ ԱԽ-ի մանդատով։ Այլ հարց է, որ այս պայմաններում ՄԽ համանախագահների համագործակցությունը բացառված է»։ 

Մարտի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Երևանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ 

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցն է՞լ ավելի կձգձգվի։ Խոսրով Հարությունյանի խոսքերով՝ կանխատեսումներ անելը շատ դժվար է․ «Ասուլիսի ժամանակ ռուսական կողմը անթաքույց, հնարավորինս դիվանագիտորեն պարուրված իր խոսքում արտահայտեց իր ոչ բավարարվածությունն այն խնդիրների հետ կապված, որոնց շուրջ ՌԴ միջնորդությամբ եռակողմ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, այդ խնդիրները կարծես թե փորձ է արվում տեղափոխել եվրոպական տրեկ։ Եվ եթե կուզենաք, հենց այդ կոնտեքստում Լավրովը հնչեցրեց համանախագահողների վերաբերյալ իր կարծիքը»։

«Իշխանությունը պետք է լինի շրջահայաց այլոց վճռական դերակատարումը ներգրավելու տեսանկյունից։ Եվ հաշվի առնելով անվտանգային սպառնալիքները՝ զերծ մնալ քայլերից, որոնք կարող են խորացնել այդ սպառնալիքները։ Ես չեմ ասում, որ հանդիպելու առաջարկ լինի ԵԽ նախագահ Շառլ Միշելի մակարդակով, Հայաստանի վարչապետն ասի․ «Ոչ, ես չեմ գալիս», դա առնվազն հիմարություն կլինի։ Կուլիսներում 4 ժամ մարդիկ քննարկել են։ Միգուցե քննարկման արդյունքում է, որ Միշելը հղում էր արել Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին, սակայն չէր նշել «Ռուսաստանի Դաշնություն» անունը, բայց դրա մասին խոսում էր Լավրովը, հասկանո՞ւմ եք», - նշեց Հարությունյանը։

Ըստ նրա՝ քանի դեռ ռուսական խաղաղապահներն Արցախում են, արցախահայության անվտանգության համար 1 գրավականը ՌԴ-ն է։ «Շահագրգռվա՞ծ է Ռուսաստանը արցախյան խնդրում, պետք է ենթադրել՝ այո։ Արցախահայության անվտանգության պատրվակով խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում բխո՞ւմ է ՌԴ ռազմավարական հետաքրքրություններից, իհարկե։ Համապատասխանո՞ւմ է մեր ռազմավարական հետաքրքրություններին, իհարկե։ Հետևաբար այս հանգամանքը երրորդ երկրների հետ մեր հարաբերությունները ձևավորելիս պետք է անպայման հաշվի առնենք», - եզրափակեց նախկին վարչապետը։