Արարատի մարզպետի խոսքով՝ Տիգրանաշենը չի մտնում Փաշինյանի հայտարարած ադրբեջանական տարածքների մեջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

քաղաքական

Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը չի՞ մտնում այն տարածքների մեջ, որոնք, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանինն են, սակայն Հայաստանի վերահսկողության ներքո են։ 24News-ն Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանից հետաքրքվեց, թե ո՞ր տարածքներն են մարզում համարվում Ադրբեջանինը։ «Հիմա չեմ կարող խոսել, խորհրդակցության մեջ եմ», - պատասխանեց մարզպետը։

Ճշտող հարցին՝ Տիգրանաշենը, որը հայտնի է նաև ադրբեջանական «Քյարքի» անվանումով, այդ տարածքներից մե՞կն է, Սեդրակ Թևոնյանը կարճ պատասխանեց․ «Ոչ»։

Պետական «Հանրային հեռուսատաընկերությունը» 2021 թվականի մայիսի 30-ին «Հայկական և ադրբեջանական անկլավների հարցի իրավական և քաղաքական բաղադրիչը» վերտառությամբ ռեպորտաժ էր հրապարակել, որում նշվում էր, թե Խորհրդային Միության տարիներին Արարատի մարզի վերոնշյալ գյուղի «Տիգրանաշեն» անվանման փոխարեն գրված էր «Քյարքի», և որ ներկայիս Տիգրանաշեն գյուղն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում։

Հ1-ի պատրաստած ռեպորտաժը դժգոհությունների առիթ էր դարձել հանրության շրջանում։ Ռեպորտաժին հաջորդ օրն անդրադարձել էր նաև այն ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ասելով, որ դրա շեշտադրումներն ուղղակիորեն հակասում են առանց այն էլ այս բարդ իրավիճակում սահմանային բնակիչների իրավունքներին: «Ստացվում է, որ Հայաստանում պետական մակարդակով ընդունում են, որ նշված գյուղերը պատկանում են Ադրբեջանին: Արդյոք ռեպորտաժում մտադրվա՞ծ է Տիգրանաշենը ներկայացվում «ադրբեջանական անկլավ» կամ այլ կերպ՝ «ադրբեջանական տարածք» և, արդյոք դա ծրագրայի՞ն քաղաքականություն է այն պայմաններում, երբ Տիգրանաշենն անկլավի կարգավիճակ չի էլ ունեցել. այն պատմական հայկական գյուղ է»,- ասվում էր պաշտպանի հայտարարության մեջ:

Ապրիլի 7-ին կառավարության նիստի ժամանակ, Փաշինյանը, անդրադառնալով նախօրեին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած եռակողմ բանակցություններին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, անդրադարձել էր մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմլիմիտացիայի հարցերով ստեղծվելիք երկկողմ հանձնաժողովին։ «Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ, առաջինը՝ բուն դելիմիատացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը»։

Փաշինյանը նաև ասել էր, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և «կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են»։ «Եվ այս հարցերը պետք է  լուծվեն բանակցությունների արդյուքներով, բնականաբար դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա», - նշել էր նա։