Փաշինյանը բազմիցս իր վարած քաղաքականությամբ ապացուցել է, որ «Արցախը բեռ է» և «պետք է ազատվել դրանից»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Արցախ

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից որևէ դրական ակնկալիք չունենք։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև եռակողմ հանդիպում տեղի կունենա։

Պատգամավոր Դավիթ Գալստյանի խոսքերով՝ Փաշինյանը բազմիցս իր վարած քաղաքականությամբ ապացուցել է, որ «Արցախը բեռ է» և «պետք է ազատվել դրանից»։ Եվ այդ առումով Նիկոլ Փաշինյանից որևէ ակնկալիք չունենք։ Սակայն մտահոգություններ ունենք, որ շատ ավելի վատ պայմաններ կարող է լինել Արցախի համար»։ Չեմ կարող ասել կոնկրետ ինչ, բայց մտահոգիչ է», - նշեց արցախցի պատգամավորը։

«Մենք երեկ Արցախի ԱԺ-ի կողմից հայտարարություն տարածեցինք, այն ինչ-որ տեղ միտված էր, որ Արցախի ճակատագրին վերաբերող որևէ վճռորոշ փաստաթուղթ Փաշինյանը չստորագրի, հակառակ դեպքում մենք՝ արցախցիներս, ըմբոստանալու ենք և չենք ընդունելու այդ փաստաթուղթը։ Փաշինյանը նշում էր, չէ՞ իր թեզերի մեջ, որ «առանց արցախահայության Արցախի հարց չի կարգավորվի», «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ինքը մանդատ չունի Արցախի մասին խոսելու համար, քանի որ դա համաձայնեցված չէ արցախահայության հետ», - եզրափակեց Դավիթ Գալստյանը։