Պատերազմում պարտված խմբավորումը, որը մի անգամ ստորագրել է կապիտուլյացիա, դա կանի 2-րդ անգամ ևս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

67720673_10218184740200233_1445172391054409728_o.thumb_.jpg

Դատելով տարածաշրջանային գործընթացների վերջին շաբաթների տրամաբանությունից, բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից, ինչպես նաև տեղեկատվական տարբեր արտահոսքերից ու արշավներից՝ այս պահին կա իրավիճակի զարգացման երկու հնարավոր և խիստ հավանական տարբերակ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Տարբերակ Ա. Հայաստանի դե ֆակտո իշխանությունը առաջիկա շաբաթներին կստորագրի Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագիր», որը կներառի ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ու Արցախից հայկական պետության իրավական հրաժարումը, այլ նաև Տավուշի, Արարատի ու Սյունիքի մարզերում Ադրբեջանին նոր տարածքային զիջումները և Սյունիքով «թյուրքական միջանցքների» բացումը։ Այս նոր կապիտուլյացիայի ստորագրումը արդարացվելու է նոր լայնամասշտաբ պատերազմից խուսափելու «ցանկությամբ», որի տեղեկատվական նախապատրաստությունը վաղուց ընթանում է կապիտուլյանտի ու իր խմբավորման կողմից։ Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո կբացվի նաև Թուրքիայի հետ սահմանը։ Եւ Հայաստանը կդառնա լիարժեք թուրքական ազդեցության գոտի՝ թաղելով ոչ միայն Արցախի վերաազատագրման գաղափարը, այլև ընդհանրապես առաջիկա տասնամյակներում հայկական պետություն ունենալու հնարավորությունը։

Տարբերակ Բ. Հայաստանի դեմ առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում կսկսվի Ադրբեջանի մեծածավալ ռազմական հարձակումը՝ ոչ միայն Արցախում, այլև Սյունիքի, Արարատի և մի քանի այլ ուղղություններով։ Բնականաբար, ներկայիս դե ֆակտո թուրքամետ ղեկավարությամբ ճիշտ դիմադրություն կազմակերպելու մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են, իսկ ապավինել որևէ այլ պետության կամ դաշնակցի օժանդակությանը, հատկապես, եթե հենց ՀՀ ղեկավարությունը չի պատրաստվում պատերազմել, միամտություն է (առավելագույնը, որ կանեն երրորդ երկրները՝ իրենց բաժին շահերի անվտանգությունը ապահովելն է)։ Պատերազմում սեփական տգիտությամբ նորից պարտված խմբավորումը՝ Փաշինյանի գլխավորությամբ, որը մի անգամ արդեն ստորագրել է կապիտուլյացիա, դա կանի երկրորդ անգամ ևս առանց որևէ խոչընդոտի, քանի որ ունի միայն մեկ խնդիր՝ մնալ իշխանության, այլ ոչ ապահովել Հայաստանի ու հայության շահերը։

Ինչպես կռահում ենք, Հայաստանի պետականությունը փրկելու միակ հնարավորությունը թե՛ պատերազմի դաշտում, թե՛ դիվանագիտական հարթությունում ներկայիս դե ֆակտո թուրքամետ իշխանության հեռացումն է և դեռևս առկա ազգային ռեսուրսների անհապաղ միավորումը»,-գրել է թյուրքագետը։

--00—ՀԶ