Քրիստոսի արձանը, այնուամենայնիվ, կկառուցվի. արձան-համալիրի մրցութային հանձնախումբը՝ Մայր Աթոռին

default.jpg

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է այս հարցում Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշմանը:

Հայտարարությունում ասվում է. «Ինչպես արդեն գիտեք, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հանձնախումբն ամփոփել է մրցութային առաջին փուլը՝ հնարավորություն տալով 21 հեղինակներին մեկամսյա ժամանակահատվածում լրամշակել իրենց աշխատանքները:  Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում ենք փաստել, որ հանրային դիսկուրսը համարում ենք կայացած, քանզի առ այսօր շարունակում ենք ստանալ հարյուրավոր առաջարկներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի ճարտարապետական լուծումների, տեղադրման վայրի և այլ հարցերի վերաբերյալ:

Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը մեզ համար շատ կարևոր է և գնահատելի: Միևնույն ժամանակ ցանկանում ենք վերահաստատել, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի մարդկության համար:

Ինչպես նաև մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի՝ դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու:

Կրկին շնորհակալություն ենք հայտնում գաղափարի աջակիցներին և լիահույս ենք, որ աստվածահաճո այս առաքելության մեջ մենք միաբան ենք»:

Հիշեցնենք, որ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու նախաձեռնությամբ հանդես է եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

--00—ՀԶ