ՌԴ-ին դիմելը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ, զգաստացնել ադրբեջանցիներին

Снимок

Արցախում Ռուսական խաղաղապահ զորակազմի ավելացումն ավելի կամրապնդի պաշտպանունակությունը։ Ռուսաստանի նախագահին դիմելը նշանակում է, որ Արցախն իր անվտանգության ապահովումը տեսնում է միայն ռուսական զինված ուժերի կամ խաղաղապահ զորամիավորման ավելացման պոտենցիալի մեջ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հաղորդագրություն էր տարածել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից: «Խնդրում ենք Ձեզ՝ ի լրումն ադրբեջանական ընթացիկ ագրեսիայի զսպման ու ադրբեջանական զինված ուժերի հետքաշման իրենց ելման դիրքեր՝ վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները», - մասնավորապես նշված էր հայտարարության մեջ։

Պրոֆեսոր Գարիկ Քեռյանի խոսքերով՝ վերջին դեպքերը ցույց են տալիս, որ ադրբեջանցիներն Արցախի ուղղությամբ ավելի շատ առաջխաղացում չունեցան հենց Ռուսաստանի շնորհիվ։ «Ես չեմ կարծում, որ այդ դիմումն այս շրջանում արձագանք կունենա, քանի որ Ռուսաստանը շատ է խրվել ուկրաինական կոնֆլիկտի մեջ, առաջնայինն ուկրաինական ճակատն է։ Բայց, ամեն դեպքում, դիմելը ճիշտ է, ցույց է տալիս, որ հայկական կողմը ռուսական կողմի հետ է կապում իր անվտանգային բոլոր խնդիրների լուծումը։ Իսկ զորակազմն ավելացվելու պարագայում թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով արդյունավետ կլինի։ Դիմումը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ, ինչ-որ տեղ զգաստացնել ադրբեջանցիներին», - եզրափակեց Քեռյանը։

--00--ՀԶ