ՀՀ-ն և Ֆինլանդիան համատեղ ջանքերով նոր թափ կհաղորդեն փոխգործակցության զարգացմանը. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

l-0x0wh-786x458z-1

Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ նախորդ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանն ու Ֆինլանդիան ձևավորել են բազմաշերտ հարաբերություններ՝ խարսխված փոխադարձ հարգանքի, համակրանքի և ժողովրդավարության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա։ Նախարար Միրզոյանն իր համոզմունքն է հայտնել առ այն, որ Հայաստանը և Ֆինլանդիան համատեղ ջանքերով նոր թափ կհաղորդեն փոխգործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը։

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն, շնորհավորելով Հայաստանի իր գործընկերոջը, նշել է, որ Հայաստանը և Ֆինլանդիան բոլոր հիմքերն ունեն՝ հպարտանալու երկկողմ համագործակցության երեք տասնամյակների ընթացքում գրանցած հաջողություններով։ Ֆինլանդիայի ԱԳ նախարարը մեծապես կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը և վերահաստատել է Ֆինլանդիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական կայացման ճանապարհին։

--00—ՀԶ