Արցախի ՆԳՆ-ն հորդորում է մերժել սոցցանցով վարկ տրամադրելու բոլոր առաջարկները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

վարկ

Մարտի 24֊ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում Մարտակերտի շրջանի բնակիչ Վ. Ա.-ից դիմում է ստացվել, որ սոցիալական ցանցի միջոցով «Վարկեր նույնիսկ սև ցուցակում» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ ձեռք է բերել 1.200.000 ՀՀ դրամ գումարի վարկային գործարք կատարելու պայմանավորվածություն և վարկի ձևակերպման համար Վ. Ա.-ից պահանջվել է տերմինալի միջոցով բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին փոխանցել 68.000 ՀՀ դրամ գումար։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:

Ձեռնարկվում են համապատասխան քայլեր նման հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ:

Անհրաժեշտ ենք համարում, կրկին դիմել բոլոր քաղաքացիներին.

Չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն և մերժել սոցիալական ցանցերի միջոցով վարկեր տրամադրելու բոլոր առաջարկները, անհապաղ դիմել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:

--00—ԼՄ