Արմավիրի մարզպետը հորդորել է հետևողական լինել ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ю

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2022 թվականի առաջին նիստը, որը վարել է մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:

Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, համայնքների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ և մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ:

Մարզխորհրդի նիստի օրակարգով հաստատված հարցերի շրջանակում Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է մարզպետի աշխատակազմի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը, որն իր մեջ ներառել է ըստ ոլորտների իրականացված աշխատանքները, գրանցված արդյունքները և նախատեսվող ծրագրերը:

Մարզպետն ընդգծել է, որ աշխատակազմը 2021 թվականի աշխատանքային գործունեությունը սկսել է մարզի 97 համայնքների և մարզի բնակչության հիմնախնդիրներից բխող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացմամբ՝ գործողության հիմքում դնելով «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթները։

Անդրադառնալով մարզի տնտեսության ցուցանիշներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ 2020 թվականի ճգնաժամերը՝ կորոնավիրուսային համավարակը, դրա հետևանքով տնտեսական ճգնաժամը և Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները ծանր հարված են հասցրել տնտեսական աճի տեմպին։

Այդուհանդերձ, ըստ նրա, 2021 թվականը տնտեսական առումով հուսադրող է եղել: Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակումների՝ հաշվետու տարում Արմավիրի մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են՝ արդյունաբերություն՝ 4.9%, գյուղատնտեսություն՝ 22.6%, շինարարություն՝ 7.4%, մանրածախ առևտուր՝ 4.5%:

Արմավիրի մարզի 20 համայնքում 2021 թվականի ընթացքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության գործընթացն ու արդյունքներն են նեկայացրել մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը և մարզպետարանի աշխատանքային խմբերի ղեկավարները՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հսկողությամբ արձանագրված թերություններն ու իրավախախտումները վերացնելու, դրանք հետագայում բացառելու նպատակով համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ աշխատանքային խմբերի կողմից սահմանված կարգով առաջարկություններ են ներկայացվել համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին: Իսկ հսկողություն իրականացված համայնքների մասով կազմված արձանագրությունները, կից նյութերը ներկայացվել են լիազոր մարմին և հրապարակվել մարզպետարանի կայքում:

Անդրադառնալով իրավական և մասնագիտական հսկողության ընթացքում արձանագրված խախտումներին և բացթողումներին՝ մարզպետը համայնքների ղեկավարներին առաջարկել է անհրաժեշտ գործիքակազմ կիրառել հետագայում դրանց կրկնությունը բացառելու և ընթացիկ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Արմավիրի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիայի ծրագրերի ընթացքի, մարզի 2017–2025 թվականների զարգացման ռազմավարությունից բխող 2021 թվականի տարեկան գործունեության ծրագրի մշտադիտարկման արդյունքների և 2022 թվականի տարեկան գործունեության ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը:

Նա մասնավորապես նշել է, որ 2022 թվականի ընթացքում Արմավիրի մարզի 7 միավորված համայնքներից և Ֆերիկ եզդիական չմիավորված համայնքից ստացվել է 147 սուբվենցիոն հայտ՝ 80 բնակավայրերին առնչվող։ Մարզպետարանում քննարկման, ծրագրերի համադրման և ոլորտային տեսանկյունից միավորման արդյունքում սահմանված ժամկետում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 46 հայտ և տեխնիկական բնութագիր՝ շուրջ 6 մլրդ 238 մլն դրամ ընդհանուր արժեքով։

Լիլիթ Մուշեղյանը միաժամանակ տեղեկացրել է, որ 2021 թվականին ՀՀ Արմավիրի մարզի գործունեության ծրագրի ոլորտների պլանավորված ֆինանսավորումը կազմել է 78,000,055.4 հազ. դրամ, որից 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ փաստացի իրականացվել է 54,223,790.78 հազ. դրամի աշխատանք: 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության իրականացման 2021 թվականի գործունեության ծրագրի կատարողականը կազմել է շուրջ 69.5%։

Նշվել է նաև, որ 2022 թվականի համար մարզի գործունեության ծրագրի ոլորտների պլանավորված ֆինանսավորումը կազմել է 38,215,206.4 հազ.դրամ, այդ թվում՝ միայն 34,600,356.4 հազ. դրամը պետական բյուջեի միջոցներ:

Կառավարության 2022 թվականի հունվարի 5–ի՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի հետ կապված մանրամասներին և պահանջների կատարմանն է անդրադարձել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը՝ կարևորելով ՏԻՄ-երի կողմից ազգաբնակչության պատշաճ իրազեկման ապահովումը, քանի որ սահմանված ժամկետներում և կարգով ինքնակամ շինությունների հաշվառումն իրականացնելը բխում է բնակչի շահերից:

Նա հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 6-ը կառուցված ինքնակամ կառույցների դեպքում համապատասխան տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե են ներկայացվում երկամսյա ժամկետում, մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների, վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Մարզպետը համայնքապետերի ուշադրությունն է հրավիրել խնդրի կարևորության վրա՝ հորդորելով հետևողական լինել ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացի ամբողջական և լիարժեք իրականացման հարցում:

Օրակարգային հարցերի շրջանակում Աշոտ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև համայնքներում կատարվող աղբահանության աշխատանքների ընթացքին՝ դրանք պատշաճ մակարդակով իրականացնելու, սանիտարահիգիենիկ իրավիճակը բարելավելու, աղբահանության վարձավճարների կատարողական ցուցանիշները բարձրացնելու, աղբահանության ծախսերի և եկամուտների հստակ հավաքագրումն ապահովելու նպատակով համայնքների ղեկավարներին առաջարկելով խստացնել հսկողությունը ընդհանուր գործընթացի պատշաճ իրականացման ուղղությամբ։

Կարևորելով համայնքներում սանիտարական պատշաճ վիճակի ապահովումը՝ Էդվարդ Հովհաննիսյանն առաջարկել է համայնքապետերին գործուն քայլեր ձեռնարկել աղբահանության գործընթացը հնարավորինս սեղմ ժամկետում լիարժեք իրականացնելու ուղղությամբ:

Արմավիրի մարզում հանքարդյունահանման առկա իրավիճակը և հիմնախնդիրներն է ներկայացրել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը՝ տեղեկացնելով, որ մարզում 218,16 հա հողատարածքի վրա իրականացվում է ընդերքի շահագործում՝ 16 կազմակերպության կողմից: Նա միաժամանակ ներկայացրել է ընդերքօգտագործման փաստաթղթերի օրինականության ուսումնասիրությամբ պարզված դեպքերն ու առաջարկել մեկամսյա ժամկետում իրականացնել հողի նպատակային նշանակության փոփոխություն, իսկ ընդերքի շահագործումն իրականացնել բացառապես լեռնահատկացման ակտով նախատեսված վայրերից՝ սահմանված կոորդինատներին համապատասխան:

Մարզի համար կարևոր հիմնախնդիր համարելով հանքարդյունաբերության ոլորտում առկա բացթողումները՝ Էդվարդ Հովհաննիսյանը համայնքապետերին առաջարկել է հետևողականություն դրսևորել խնդրի լուծման ուղղությամբ՝ գործադրելով օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները:

Մարզխորհրդի նիստն ավարտվել է օրակարգային և ընթացիկ հարցերի քննարկման ամփոփումով:

--00--ԱՀ