Մենք պատրաստ ենք ՀՀ-ի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ. Ալիևը՝ Բայդենին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

4

Ադրբեջանը, լինելով խաղաղության կողմնակից, պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնված Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա, ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխան նամակում ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին:  Այս մասին հայտնում է vestikavkaza.ru-ն:

Ադրբեջանի ղեկավարը հիշեցրել է, որ իբր «պատմական ադրբեջանական հողերի օկուպացիայից» ազատագրմամբ կասեցվել է շուրջ երեսուն տարի տևած հայկական «ռազմական ագրեսիան», և Ադրբեջանն ինքը կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումները, որոնք մնացել են անկատար գրեթե 30 տարի:

«Մենք՝ որպես խաղաղության կողմնակիցներ, պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը», - ընդգծել է Իլհամ Ալիևը։

Նա նաև հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կաջակցի Ադրբեջանի խաղաղության օրակարգին։

 

--00—ՀԶ