Պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունը փոքր-ինչ անգամ չի նվազեցրել հայատյացությունն ու թշնամանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել երեկ՝ ուշ ժամի, Արցախում գազն անջատելու միջադեպի հետ կապված։

«Ակնհայտ է, որ գազատարի՝ իբր վերանորոգման անվան տակ ադրբեջանական իշխանությունները փական են տեղադրել, որ երբ ցանկանան, այն ժամանակ էլ դադարեցնեն Արցախի գազամատակարարումը:

Սա դիտավորյալ արարք է, որ առաջացնում է հումանիտար լուրջ խնդիրներ ու իրավունքների զանգվածային խախտումներ, ցուրտ եղանակին առանց ջեռուցման ու տաք ջրի է թողնում Արցախի 100,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ:

Բայց սա այն է, ինչ իրականում կա, արտահայտում է ադրբեջանական իրական մտադրությունները՝ ցեղասպան քաղաքականությունը:

Ապացույցներով ու փաստերով այդքան զգուշացնում եմ, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները փոքր-ինչ անգամ չեն նվազեցրել հայատյացությունն ու թշնամանքը: Դա չի էլ լինելու, քանի որ նրանց համար դա քաղաքական կյանքի աղբյուր է, արտաքին թշնամու կերպարով ներքին խնդիրներից սեփական ժողովրդին շեղելու ու իշխանությունը պահպանելու միջոց:

Պարզ չէ՞, որ խաղաղության մասին ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, դրանք պարզապես շղարշ են արտաքին աշխարհի համար»: