Մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի մահվան գործով 2 ձերբակալված կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

զինվոր

Մարտի 16-ին մահացած հայտնաբերված զինծառայող շարքային Ալբերտ Սիրոյանի գործով երկու ձերբակալվածներ կան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը, գրում է armtimes.com-ը։ 

Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել են նույն գումարտակի մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող Ն. Ս.-ն եւ մարտական դիրքի պարտադիր ժամկետային, կրտսեր սերժանտ Վ. Ա.-ն:

Նախորդ շաբաթ՝ մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմանում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

Շարքային Ալբերտ Սիրոյանի` հրազենային մահացու վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մարտի 19-ին ձերբակալվել է մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Չ.: Չութուլյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) հանցագործության կատարելու մեջ:

Շարքային Ալբերտ Սիրոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մարտի 19-ին ձերբակալվել է նաեւ մարտական դիրքի պարտադիր ժամկետային եւս մեկ զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արայիկի Մարգարյանը: Վերջինս էլ կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը) նախատեսված հանցագործության կատարելու մեջ:

--00—ԼՄ