Գեղարքունիքում, Աշոցքում, Արթիկում, Ամասիայում, Հովունի-Ջաջուռ-Կապս-Քեթի ճանապարհին բուք է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

7

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան (բուք է), Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան, Ջերմուկ-Գնդեվազ, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը, Կապան-Տաթև-Գորիս, Գորիս-Սիսիան, Շիրակի մարզի Մեծ Ալագյազ-Արթիկ, Արթիկ-Մանթաշ, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն և Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի (անվաշղթաների կիրառման դեպքում):

Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Օձուն-Դսեղ և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի, Մարալիկի, Լանջիկի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արագածոտնի մարզի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի, Մարալիկի և Ամասիայի տարածաշրջաններում և Հովունի-Ջաջուռ-Կապս-Քեթի ավտոճանապարհին բուք է:

Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի և Կոտայքի մարզերի) տեղում է ձյուն։

--00--ՀԶ