Արցախից տեղահանված անձանցից 88%-ը կանայք և երեխաներ էին․ սոցապնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկար

Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ամփոփիչ ելույթի շրջանակում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև 2020 թ․ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակիչների, մասնավորապես՝ կանանց և երեխաներին ուղղված ծրագրերին։

«2020 թ․ պատերազմից հետո Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվող բազմաթիվ ծրագրեր վերանայվել են՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Արցախից տեղահանված անձանցից 88 %-ը կանայք և երեխաներ էին, որոնք ընդգրկվել են տարբեր աջակցության ծրագրերում։ Կառավարության 2021-2026 թթ․ գործունեության հնգամյա ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ են մշակվել՝ շարունակաբար ընդլայնելու խոցելի խմբերին պատկանող կանանց ցուցաբերվող օգնությունը»,- նշել է նախարարը։

Քննարկման ընթացքում Նարեկ Մկրտչյանը կարևորել է նաև ՀՀ բոլոր մարզերում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների գործունեության դերը, որոնք շարունակում են շահառուներին տրամադրել աջակցության տարաբնույթ ծառայություններ։

Ելույթի ավարտին նախարարը շեշտել է ջանքերի համախմբման կարևորությունը՝ կանանց և աղջիկների ներուժի խթանման ու իրացման ապահովման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է սերտորեն աշխատի՝ երաշխավորելու, որ կանայք լինեն ոչ միայն շահառուներ, այլև արժանապատիվ հերոսներ՝ իրենց անձնական զարգացման և իրենց ընտանիքների ու հասարակության զարգացման համար:

--00—ԼՄ