Մահացած զինվոր Էդուարդը բժիշկ էր ուզում դառնալ, ամենալավն աշակերտն է եղել․ դպրոցի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

հասարակական

Էդուարդ Ռուստամյանը դպրոցի ամենալավն աշակերտն է եղել, ես ուղղակի շոկի մեջ եմ, յուրահատուկ տղա, բարձր առաջադիմությամբ, համեստ։ Այս մասին 24News-ին ասաց Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը՝ խոսելով մահացած ժամկետային զինծառայողի մասին։

Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով: «Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»:

Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի տնօրենն ասաց, որ Ռուստամյանը ցանկանում էր բժիշկ դառնալ։ «Հիմնական կրթության վկայականը բարձր առաջադիմությամբ ստացավ,  չէինք ուզում, որ դպրոցից դուրս գար։ Անընդհատ ծնողներին ասում էինք՝ «մի՛ տարեք, մեր լավին ինչո՞ւ եք տանում ուրիշ դպրոց», հետո իմացանք, որ ուզում է բժիշկ դառնալ, բժշկական քոլեջ է տեղափոխվել։ Լավ ընտանիք, չգիտեմ․․․ Երգում էր, նկարում էր շատ լավ, հետաքրքրությունները շատ մեծ էին։ Մարտի 13-ին ծննդյան օրն էր։ Դեռ չէր ավարտել քոլեջը, 2021 թվականին էր զորակոչվել։ Քոլեջում էլ էր բարձր առաջադիմությամբ սովորում։ Քույրը մեր ամենալավ աշակերտուհիներից էր, մաթֆակում է սովորում, գերազանց առաջադիմությամբ։ Քույրն ինձ ասաց, որ եղբոր մոտ բոլոր առարկաներն այնքան լավ են ստացվում, որ չի կողմնորոշվում ի՞նչ դառնալ՝ կա՛մ ծրագրավորող, կա՛մ բժիշկ»։

Կարինե Հարությունյանն ասաց, որ Էդուարդ Ռուստամյանը հոր, մոր, իրենից մեծ մյուս քրոջ հետ էր բնակվում։ «Մեծ քույրն ամուսնացել, տեղափոխվել էր։ Օրինակելի ընտանիք, Էդուարդը սիրված էր շրջապատում, իրեն ցույց էինք տալիս աշակերտներին, որ իր նման լինեն։  Ընտանիքը նորմալ պայմաններում էր ապրում, հայրն արտագնա աշխատանքի էր գնում, մայրը՝ շատ բարեհամբույր, երկար ժամանակ մեր դպրոցի ծնողկոմիտեի նախագահն է եղել։ Երեխաները լավ էին սովորում, քույրն անվճար է սովորում, բարձր առաջադիմությամբ»։

Դպրոցի տնօրենի խոսքերով՝ Էդուրադ Ռուստամյանն այնքան հանդարտ ու մեղմ էր, որ անգամ ճանճի չէր վնասի։ «Համալսարանի 4-րդ կուրսում սովորող քույրն ինձ օգնել է։ Մեր դպրոցում հանրապետական օլիմպիադայի մասնակից ունեինք, այդ տղային ուղեկցել է համալսարան, հետո՝ իր համալսարանի ընկերների հետ ծանոթացրել, էքսկուրսիա է կազմակերպել մեր դպորցի աշակերտի համար, հետո՝ ճանապարհել տուն։ Այնպիսի ընտանիք է, որ իմ աշակերտին վստահել եմ», - եզրափակեց Հարությունյանը։

Ավելի վաղ ՊՆ նաև հայտնել էր, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: