Թուրքիային առաջարկվել է ընտրություն կատարել S-400-ների ու F-16 կործանիչների միջև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

մենենդես
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող Վաշինգտոնից գնել F-16 կործանիչներ, քանի դեռ իր մոտ է պահում Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը: Գրել է  Ermenihaber.am-ը։

Մենենդեսը հիշեցրել է, որ իր գլխավորած հանձնաժողովը մեծ ազդեցություն ունի զենքի վաճառքի որոշումների վրա, ասել է, որ այդ գործարքի համար բավարար չի լինի թուրքական կողմի՝ Բայդենի կառավարության հետ հարբերությունները բարելավելը:  

«S-400-ների հարցում կտրուկ հետքայլ չկատարվելու, այդ համակարգերը երկրից դուրս չհանելու կամ այլ հանգամանքների բացակայության դեպքում Թուրքիային F-16-երի վաճառք չեմ կանխատեսում: Էրդողանի համակրանք առաջացնող քայլերը գործին չեն օգնի: Հանձնաժողովը լիազորություններ ունի զենքի վաճառքի հարցում»,- ասել է Մենենդեսը:

Հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Թուրքիան դուրս թողնվեց ամերիկյան 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների համատեղ ծրագրից, որին մասնակցում են մոտ մեկ տասնյակ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ:

Փոխհատուցում ստանալու կամ խնդիրը հարթելու ակնկալիքով ամիսներ առաջ Անկարան դիմել է Վաշինգտոնին 40 միավոր 4-րդ սերնդի F-16 ռազմական օդանավեր գնելու, ինչպես նաև իր ունեցած 80 միավոր F-16 ինքնաթիռներն արդիականացնելու համար:

--00—ՄՀ